Երբ խոնարհված աչքերս անմտորեն թաց են, երբ անտեսանելի անդունդի երախը բաց է , երբ դողացող ձայնս կամաց է և հայացքս` սառած, ես վառում եմ հավատիս լույսը, որ անխուսափելի արցունքները չորանան ու թույլ տան, որ հոգևոր հացը ջրի ցամաքած անապատը…
Եթե չեմ ունենում ինձ համար սեր երգող և կյանքին կապող կարմիր թելեր, հիշում եմ, որ հավատն է ջերմացնում մարմնիս դողը: Երբ չեն հասկանում, անտեսում են, կամ ձևացնում են, թե ցանկանում են օգնել, ես հավաքում եմ ցրված ուժերս, որ ժամանակավոր վայրէջքներից չտուժեմ…
Որ չհուսահատվեմ անզոր մարդկանցից, քանզի նրանց դեմ հավատի արևն է հզոր: Չպետք է սպասեմ, որ հանկարծ անհատույց ձևով ինձ ընկած տեղից կբարձրացնեն, որովհետև կեղծավորները չեն կարող վատ տրամադրությունը անցկացնել: Միևնույն է` նրանց դառը կեղծիքը չի օգնելու, որովհետև հավատը սիրում է անկեղծ ասելիքը: ՈՒրեմն` ասում եմ մաքուր աղոթքը, ինչքան էլ քարքարոտ լինի նեղ ճանապարհը. չէ՞ որ այն մի օր գագաթին է հասցնելու: Հետևաբար` չեմ սպասում նրանց, ովքեր հոգին պղծում են, չեմ սիրում նրանց, ովքեր իմաստը կեղծում են: Նրանք չեն կարող լինել ձեռքս բռնող, այլ միայն կօգնեն արագ կորցնել աչքերիս լույսը…
Բայց հավատս կյանքի լույսն է վառ պահում, եթե նույնիսկ եռանդի հույսն է մեռնում: Էլ ո՞վ կամ ի՞նչը կարող է հոգի սպանել, եթե հավատում եմ, եթե գիտակցում ու համոզվում եմ, որ վերջը լավ է լինելու: ՈՒրեմն` քանդում են դիմացիս պատը` միջիցս հանելով անորոշն ու բացասականը: Իսկ այդ ընթացքում կյանքի դատն է գնում, որի ժամանակ առանց իրավաբանի հավատն է փրկում. արդեն մաքրված սրտից և փրկված հոգուց փուշը հանում է կատարյալ Աստված…
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: