Երևան բրենդը ներկայացված չէ աշխարհում… Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և զբոսաշրջային ու այդ ոլորտի շահագրգիռ ավելի քան 90 կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել են Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հիմնական մոտեցումներն ու ծրագրերը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետն ընդգծել է, որ զբոսաշրջային հնարավորությունների թիրախավորված առանձնահատկությունները պետք է մատնանշեն այդ ոլորտում մասնագիտացած մասնավոր ընկերությունները: Կարևորելով Երևանի զբոսաշրջության զարգացման հրամայականը, ինչպես նաև մայրաքաղաքի զբոսաշրջային միասնական հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է փոխգործակցել շահագրգիռ բոլոր կառույցների հետ. «Երևանը աշխարհին ներկայանալու լավ հնարավորություններ ունի, բայց ցավոք այդ ամենը շատ վատ է կազմակերպված: Ըստ էության, Երևան բրենդը ընդհանրապես ներկայացված չէ աշխարհում ու դա, կարծում եմ, կհամաձայնեք, որ հիմնականում ձեր բացթողումն է: Մենք պատրաստ ենք լսել կառուցողական ցանկացած առաջարկ, որպեսզի միասին կարգավորենք այս դաշտը»,- նշել է քաղաքապետը: Կարեն Կարապետյանը գործակալություններին առաջարկել է ակտիվորեն համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, ներկայացնել ծրագրային հստակ առաջարկներ, ինչպես նաև կարծիքներ, թե ինչ սպասելիքներ ունեն զբոսաշրջային գործունեության դաշտում ներգավված ընկերությունները քաղաքապետարանից` Երևանը զբոսաշրջության առումով առավել գրավիչ դարձնելու հարցում: Ողջունելով Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը` ընկերությունների ներկայացուցիչները խոստացել են առաջիկայում առավել հստակ առաջարկների փաթեթ ներկայացնել: Նյութը` Aysor.am-ից 02 Մայիս 2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|