ԱՂԱՆԴ` ՄԻ ԵՂԵՔ
Հայաստանում այսօր գործում է 218 աղանդ, որոնց մի մասն ունի ավելի քան 10 հազար հետևորդ, նրանք, որպես կանոն վճարում են իրենց աշխատավարձի և եկամուտների 10%-ը (տասանորդ). այսինքն՝ Հայաստանում՝ նվազագույնը 5000 դրամ` յուրաքանչյուրն ամեն ամիս, ինչը բավական մեծ ստվերային շրջանառություն է։ Աղանդների ապազգային և հակամարդկային գործունեությանն անդրադառնալու համար Կենտրոն ՀԸ-ի «Սկսենք նորից» հաղորդումը հրավիրել էր հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանին։ Ըստ Կոմիտաս վարդապետի՝ աղանդների առաջացման հիմքում քրիոստնեության ամբողջությունը պահելու փոխարեն նրա մի մասն ընդունելով, մյուսը՝ մերժելով նոր կրոն հիմնադրելն ու որոշակի հետևորդների համար առաջնորդ դառնալն է։ Այս կառույցներում քարոզվում են առաջնորդի գաղափարները, և մի խումբ մարդիկ ընդունում և կրում են առաջնորդի կենսափիլիսոփայությունը (օրինակ՝ ճիշտ համարում ինքնասպանությունը՝ իբրև Աստծու մոտ ավելի շուտ գնալու միջոց)։ Մինչդեռ, ըստ առաքելական քրիստոնեության, մարդն աստվածային պատկերի կրողն է, մեր մարմիններն Աստծու տաճար են, և ինքնասպանության որոշումը ոտնձգություն է Աստծու նկատմամբ՝ անշնորհակալ վերաբերմունք, որով հեռու ենք վանում Սուրբ Հոգուն՝ փոխանակ նրան մեր հոգում ջերմորեն ընդունելու։ Սովորաբար այս կառույցներն ունենում են հմայքի-գայթակղության միջոցներ։ Ըստ վարդապետի՝ միամիտ, առաքինի մարդկանց «հիսունական»՝ բավական տարածված աղանդները գրավում են «լեզու խոսելով»։ «Քրիստոս իր եռամյա քարոզության ընթացքում ոչ մի հնդկաչինական լեզվով չխոսեց։ Նա չասաց, երանի նրանց, ովքեր կկարողանան լեզուներ խոսել, իսկ Պենտեկոստեի օրը աշակերտների՝ լեզուներ խոսելու շնորհը մի նպատակով էր. որ աշակերտները կարողանային իրենց առաքելությունն իրականացնել՝ քրիստոնեությունը քարոզել»,- ասաց վարդապետը՝ հիշեցնելով, որ առաքյալներին տրված պատվիրանն էր. «Գնացեք և աշակերտեցեք հեթանոսացն», ոչ թե խոսեք տարբեր լեզուներով։
Կոմիտաս վարդապետի դիտարկմամբ մեր երկիրը աղանդավորների թիրախում է, քանի որ այն է աստվածային դրախտավայրն է, «Շումմերների արձանագրություններում մեր երկիրը կոչվում է «աստվածների երկիր», «սուրբ օրենքների երկիր»», իսկ հայերը մինչ օրս կրողն են «անմահության գաղտնիքն իմացողների» գեների։
«Գառան մորթով ծածկված գայլերը գալիս են համոզելու, թե՝ էս ի՞նչ երկիր ա որ…»,- ասաց նա։ «Փորձում են մարդկային գեն-տեքնիքի միջոցով նոր պտուղներ ստանալ։ Այսօր արդեն ապացուցված է՝ գենետիկ ստեղծված պտուղները, բանջարաեղենները վտանգավոր են։ Նույնը և մարդիկ, երբ նրանց միջից հանում ես իր ազգային կրոնը, նա դառնում է շատ գեղեցիկ արտաքինով, բայց ներքուստ քաղցկեղածին ինչ-որ մի անորոշություն»,- ասաց հայր Կոմիտասը։ Աղանդների գործունեության համար պարարտ հող է նաև ժամանակակից օրենսդրությունը. «Խղճի ազատություն ասած ժամանակ հասկանում են միայն միասեռականների և աղանդավորերի իրավունք՝ չկան ծերերի, որբերի, միայնակ մայրերի իրավունքներ»,- նշեց նա։
Արդյունքում, ըստ նրա՝ քաղաքական, կրոնական, մշակութային ու հասարակական ոլորտներում քարոզվում է անբարոյականությունը, «ուղղակի շեփորահարվում է միասեռականությունը, և հայ տղամարդն արդեն մարմնավաճառությամբ է զբաղվում», իսկ խոսքի ազատության ներքո իրենց այլազան գաղափարներն են տարածում աղանդավորները։ Ըստ Կոմիտաս վարդապետի՝ խնդիրն այն է, որ հայ մարդն այսօր իրեն չի ճանաչում։ «Հայը ազնվագույն մարդ է, ամբողջ Եվրոպան հիացել է հայի մտքով»,- ամփոփեց նա՝ հորդորելով «Ծանիր՝ ճանաչիր զքեզ, հայ»։
Նյութը` Tert.am-ից 23:19 • 28.09.11
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|