ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտարարեց, որ Հայաստանում կան հոգևոր անվտանգության լուրջ խնդիրներ: Շատ է խոսվում դեմոկրատիայից, խոսքի, խղճի և կրոնի ազատությունից, սակայն, քահանայի կարծիքով, այսօր դրանք սխալ ձևով են դրսևորվում: Արդյունքում ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ: Խոսքի ազատությունից օգտվելով՝ մարդիկ ինչ ուզում` խոսում են, քննադատում կամ մերժում են եկեղեցին՝ անտեսելով պատմությունն ու փաստերը: Եսայի Արթենյանի խոսքերով՝ յուրաքանչյուր ոք կարող է օգտվել կարծիքն արտահայտելու իր իրավունքից, բայց պետք է նաև պատասխանատվություն կրի իր ասածների և դրա հետևանքների համար: Եսայի Արթենյանը նաև խիստ վտնագավոր է համարում աղանդների գործունեությունը, որոնք գործում են առանց վերահսկողության և պատասխանատվության, մարդկանց հետ վարվում են հակաքրիստոնեական և հակամարդկային մեթոդներով, մարդկանց ստրկացնում են ու կառավարում նրանց զգացմունքներն ու միտքը: Վտանգավոր է, երբ մարդուն կյանքը ներկայցվում է միայն սև և սպիտակ գույներով: Այսինքն՝ եթե անձը տվյալ կրոնական կազմակերպության անդամ է, ապա նա կգնա դրախտ, իսկ դրանից դուրս ամեն ինչ դժոխք է: Քահանայի խոսքերով՝ այս մոտեցումը բնորոշ է բոլոր քայքայիչ աղանդներին, որոնք այսօր շատ են: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը համաձայնեց քահանա Եսայի Արթենյանի կարծիքի հետ՝ հավելելով, որ վտանգ կա ոչ միայն աղանդի, այլև մշակույթի առումով՝ հեռուստաընկերություն, տեսանյութերի արտադրություն և այլն: Նա լրագրողներին ներկայացրեց տեսաերիզներ, որոնցից մեկում ներկայացված էին ծայարահեղ դաժան կադրեր, իսկ մյուսները մուլտպատկերների միջոցով քարոզում էին պոռնոգրաֆիա և միասեռականություն: Դրանք «պիրատկան» դիսկեր էին, որոնք վաճառվում են Հայաստանում ընդամնեը 500 դրամով: Ա. Ամարյանի խոսքերով՝ հայկական հեռուստասերիալները քարոզում են հարազատների միջև սեռական կապ: Պարզապես այսօր չկան համապատասխան մասնագետներ, որոնք կորակավորեն և կհիմնավորեն այդ երևույթները: Ամարյանը հավելեց, որ տեսաերիզների մասին տեղյակ է մշակույթի նախարարությունը, ինչպես նաև բոլոր պետական կառույցները, սակայն արձագանք նրանց կողմից չկա: Ամարյնաի մոտ կա նաև տեսաերիզ, որտեղ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության առաջնորդ Արթուր Սիմոնյանն ու դերասանուհի Անժելա Սարգսյանն են, ինչը, ըստ բանախոսի, հաստատում է, որ վերջինս այդ կառույցի անդամ է: Դեպքի հետ կապված Եսայի Արթենյանը նշեց, որ «Կյանքի խոսքը» սկզբում աջակցում էր դերասանուհուն՝ ստեղծելով մարդասեր եկեղեցու համբավ, բայց հետո ինքը հրաժարվեց նրանից: Նրա խոսքերով՝ այդ կրոնական կառույցը խրախուսում է անառակություն՝ ասելով, թե ինչպես էլ ապրես, դա քեզ ներվելու է: Իսկ Ա. Ամարյանը նշեց, որ եթե կրոնական կազմակերպության հետևորդը կատարում է հանցագործություն, ապա կառույցը միանգամից հարաժարվում է նրանից: Այն դեպքում, երբ պետք է դատապարտել արարքը և նրան ճիշտ ճանապարհին կանգնեցնել: Ա. Ամարյանի խոսքերով՝ այսօր իրավապաշտպանները չեն խոսում այս խնդիրների մասին, արդյունքում ոտնահարվում են հավատացյալների իրավունքները: Աղանդների խնդիրը պետք է լուծվի պետական մակարդակով, որովհետև «հոգևոր անվտանգությունը վտանգված է»: Բացի այդ՝ այսօր հնարավորություն չկա ամբողջական տեղեկատվություն ստանալ կրոնական կազմակերպությունների մասին:
hetq.am Մերի Մամյան 14:51, 7 մարտի, 2012
|