Արամուս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ոմն Մարիամ Վարդանյան զբաղվում է պայծառատեսությամբ: Մարիամ Վարդանյանը եկեղեցու պահակն է, սակայն մոտ 10 տարի է` երկրորդ փեշակն էլ ունի: Նա իրեն համարում է Աստծո մարդը, իսկ եկեղեցին, նրա խոսքերով, իր տունն է, այցելուներն էլ՝ օրվա ապրուստը:
Տիկինը պատմեց, որ 14-15 տարեկանից սկսած` երազներ էր տեսնում, որոնք իրականանում էին, բայց առանձնապես ուշադրություն չէր դարձնում դրանց` մինչեւ իր համար ճակատագրական երազի օրը: «Ամեն ինչ փոխվեց, երբ Մարիամ Աստվածածինը եւ Հիսուսը երազումս հայտնեցին ինձ, որ ես պետք է զբաղվեմ գուշակությամբ եւ ծառայեմ ժողովրդիս: Իմանալով, որ եկեղեցին դեմ է գուշակությանը եւ այն համարում է սատանայություն, կարծեցի, թե չար հոգիներն են սրբերի տեսքով այցելել ինձ: Սակայն Հիսուսը` որպես ապացույց, որ իրենք սատանաներ չեն, բարձրացրեց խաչերով պատված ձեռքերը»,- պատմեց կինը:
Այդ օրվանից անցել է մոտ 10 տարի, եւ տիկին Մարիամը կատարում է երազի պահանջը` ամեն օր արթնանում եւ շտապում է եկեղեցի` մարդկանց իմաց տալու իրենց «գլխի գալիքը»: Այս եկեղեցում չկա հոգեւոր հայր, եւ շաբաթ, կիրակի օրերին գուշակն ինքն է «արարողությունները» կազմակերպում: Բայց գյուղացիները խոսում են, թե շուտով հոգեւոր հայր են ունենալու:
Նման իրավիճակ էլ տիրում է Նորագավիթի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող եկեղեցում: Ինչպես տեղեկացրեց Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագ Կարապետյանը` նախկինում եղել է եկեղեցու հիմնարկեք, բայց եկեղեցու բարերար Աիդայի խարդախությունների պատճառով եկեղեցին չի հանձնվել Մայր Աթոռի տնօրինությանը: «Յուրաքանչյուր համայնքում մի շարք եկեղեցիներ կան, այս եկեղեցին էլ կառուցվում էր, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռվեր մոտ գտնվել Աստծուն,- ասաց Վահրամ սարկավագը` նշելով, որ եկեղեցու բարերար Աիդան եկեղեցին ծառայեցնում էր իր նպատակների համար, որը չընդունվեց Առաքելական եկեղեցու կողմից, եւ եկեղեցին չօծվեց: Օգտագործելով այն փաստը, որ տեղի է ունեցել հիմնարկեքը, Աիդան սկսեց օգտագործել այն որպես եկեղեցի եւ մարդկանց գցեց մոլորության մեջ»: Վահրամ սարկավագը նշեց, որ այդ կինն աղանդավոր է` Կարմիր ավետարան աղանդից:
Բարձրանում է խորան ու ծեսեր իրականացնում, եւ Վահրամ սարկավագը համոզված է, որ նա մարդկանց հիպնոսացնում է, ու հիշում է Տիրոջ խոսքը. «Կգան իմ անունով, գառան մորթի հագած, իսկ ներսից հափշտակող գայլեր են»: Հիմա այդ կերպարանքով հանդես է գալիս Աիդան, ով եկեղեցու անվան ներքո մարդկանց է դիվահարում,- կարծում է եկեղեցու սպասավորը:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Փետրվար 27, 2013 Աղբյուրը` hraparak.am/109233/
|