Երեւանամերձ Փարաքար գյուղում երկու եկեղեցի է գործում, սակայն շրջակա գյուղերից շատերը Խորհրդային տարիներին են հիմնադրվել` այդ համայնքներում ոչ եկեղեցիներ, ոչ էլ հոգեւորականներ չեն եղել: Այդ է պատճառը, որ Փարաքարի շրջակայքում շատ աղանդավորական-կրոնական կազմակերպություններ են «բույն դրել»:
Այսօր էլ շատ գյուղեր եկեղեցի եւ հոգեւորական չունեն սակայն դեռ կան ազգասեր եւ եկեղեցասեր մարդիկ, որնք համախմբվելով փորձում են ինչ որ կերպ «պահպանվել» եւ պայքարել աղանդների դեմ:
Վեհափառ Հայրապետի որոշմամբ Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Թայրով, Մուսալեռ, գյուղերի ծխերը նույնպես միացվել են Փարաքարի երկու եկեղեցիներին: Գյուղերում սկսում են ձեւավորվել երիտասարդական միություններ:
Այգեկ գյուղը` Փարաքարից մոտ հինգ կիլոմետր հեռու է գտնվում, նրանց երիտասարդական միությունը նույնպես Փարաքարի «Սուրբ Հարություն» եկեղեցու հովանու ներքո է գործում:
Այգեկի երիտասարդական միության ատենապետ Սաթենիկ Վարդանյանը մեր հետ զրույցում նշեց, որ հաճախ այդ ճանապարհը ոտքով են անցնում. «Եկեղեցու բացակայությունը գյուղում շատ է խանգարում, բայց մենք ունենք շատ ակտիվ անդամներ` մոտավորապես երեսուն երիտասարդ: Շաբաթական մի կամ երկու անգամ հավաքվում ենք, հոգեւորականների ենք հրավիրում, դասեր ենք անց կացնում, ուխտագնացություններ եւ միջոցառումներ ենք կազմակերպում…»:
Այսուհետ` երիտմիությունների խնդրանքով, Մայր Աթոռի աջակցությամբ Փարաքարի «Սուրբ Հարություն» եկեղեցում անց է կացվելու «Մանանա» ծրագիր, որը երիտասարդական-Քրիստոնեական ծրագիր է, իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների շնորհիվ: Շաբաթական մեկ անգամ` կիրակի օրերին, պատարագից հետո երիտասարդները ծանոթանում են մի նոր հոգեւորականի հետ եւ մի նոր թեմա են ուսումնասիրում:
Ծրագրի նպատակն է ժամանակակից երիտասարդությանը մատչելի լեզվով տալ հոգեւոր ոլորտին վերաբերվող եւ երիտասարդությանը հուզող հարցերի պատասխանները:
Փարաքարի երիտմիության ատենապետ Արմեն դպիր Սարգսյանը խոստովանեց, որ հաճախ հենց ինքն է քննարկումեր ու «դասեր» կազմակերպել, սակայն. «Նույն դպիրի կամ քահանայի հետ անընդհատ շփումը երիտասարդների համար հոգնեցուցիչ է դառնում: Կան այլ անձեր, որոնք այս կամ այն խնդրի մասին ավելի իրազեկված են, դրա համար էլ սկսեցինք այս ծրագիրը»:
Փարաքարի «Սուրբ Հարություն» եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը կարեւորում է այս ծրագիրը: Նրա կարծիքով «Մանանա» ծրագիրը շատ ողջունելի է եւ հեռանկարային, քանի որ ազգասիրություն, հայրենասիրություն եւ եկեղեցասիրություն, է քարոզում, իսկ երիտասարդները դեռ շարունակում են գալ դեպի եկեղեցի. «Երբ որ մուտք ենք գործում որեւէ գործունեության դաշտ` կամ շատ լավ պետք է աշխատենք, կամ էլ ընդհանրապես չպիտի գործենք: Միջակություն կամ ցածր լինել` պետք չէ: Իսկ մեր եկեղեցին ոչ միայն Առաքելական է, այլ նաեւ ազգային»:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: