Իրականում` թիվը կրկնակի մեծ է ՀՊԾ (Հարկային պետական ծառայության) տվյալներով, 2006-ի առաջին 9 ամիսներին մայրաքաղաքի հարկային դաշտում գործում էր ընդամենը 97 վճարովի ավտոկանգառ, բայց իրականում այդ թիվը կրկնակի է։ Երեւանում գործող գրեթե բոլոր քիչ թե շատ խոշոր օբյեկտներն իրենց սեփական վճարովի ավտոկանգառներն ունեն։ Հենց միայն սա խոսում է այն մասին, որ վճարովի ավտոկանգառների բիզնեսի մի մասը ստվերում է։ Հայաստանում վճարովի ավտոկանգառները հաստատագրված հարկով են աշխատում։ Թե որքան է նրանց օրական շրջանառությունը` գիտեն միայն ավտոկանգառների տերերը։ Նույնիսկ մեկ րոպե վճարովի ավտոկանգառում կայանելու համար վարորդները վճարում են միջինը 200 դրամ, սակայն գումարը կարող է ավելանալ` կախված ավտոկանգառի տեղից։ Եթե ավտոկանգառը մայրաքաղաքի կենտրոնական մասում է, դրա դիմաց տրվող վճարը կարող է հասնել մինչեւ 500 դրամի։ Երեւանում վճարովի ավտոկանգառներ հիմնելու մասին քաղաքապետի թիվ 31/4 որոշման համաձայն, վճարումների դիմաց վարորդներին պետք է տրվի համարակալված կտրոն, որը կհավաստի, որ տրանսպորտային միջոցը կայանել է տվյալ ավտոկանգառում։ Սակայն քաղաքապետի որոշման այդ կետին գրեթե ոչ մի կայանատեղի չի հետեւում։ Մեզ հետ զրույցում կանգառների հսկիչները խոստովանում էին, որ, ճիշտ է, իրենք կտրոն ունեն, որ ստուգումների դեպքում զգուշանան ու տան միայն կասկածելի դեպքերում, իսկ ընդհանրապես իրենց տերերը հրահանգել են վարորդներին կտրոն չտալ, որպեսզի իրենց վրայից պատասխանատվությունն ընկնի, եթե մեքենային որեւէ բան պատահի։ Երեկ մենք էլ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում գործող մի քանի ավտոկանգառների աշխատանքին հետեւելիս նկատեցինք, որ, իսկապես, ոչ մի հսկիչ վարորդին վճարման դիմաց կտրոն չի տրամադրվում։ Վարորդներն էլ առանձնապես կտրոն չէին պահանջում։ «Որ չեն ուզում` ինչո՞ւ ես պիտի զոռով տամ»,- արդարացել է Բարեկամություն մետրոյի հարեւանությամբ գործող ավտոկանգառի հսկիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։ Մեր հարցին, թե կտրոն չտալու դեպքում եթե մեքենան գողանան, ինչպե՞ս են ապացուցելու, որ այդ մեքենան իրենց կայանատեղիում է եղել, հսկիչը պատասխանել է. «Դեռեւս ոչ մի առեւանգման փորձ չի եղել, բայց եթե լինի էլ` մենք խոսքով կհավաստիացնենք, որ մեքենան այստեղ է եղել»։ Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում ավտոկանգառների բիզնեսով զբաղվողները նախ որոշակի ներդրումներ են անում` համապատասխան գրանցող սարքեր են գնում, տեսախցիկներ տեղադրում, ոչ թե օրավարձով աշխատող հսկիչ վարձում ու իրենք միայն եկամուտները հավաքում։ Արտերկրում ավտոկայանի պահակներին փոխարինում է մի սարք, որն ընդունելով համապատասխան մանր գումարը, վարորդին է հանձնում համարակալված կտրոնը, բացի այդ, մեքենային ամբողջ ընթացքում հետեւում է տեսախցիկը, եւ առեւանգման դեպքում էլ ոչ թե պահակների «հավաստի խոսքերն» են դեր խաղում, այլ տեսախցիկն ու համարակալված կտրոնը։ Ընդհանրապես, վճարովի ավտոկանգառների գործունեությունը մեր երկրում կանոնակարգված չէ։ Ավտոկանգառներ կան նույնիսկ միակողմանի երթեւեկությամբ նեղ փողոցների երկու կողմերում։ Սակայն որքան էլ ճանապարհային ոստիկանությունը գրություն է ուղարկում թաղային համայնքներին եւ Երեւանի քաղաքապետարանին, միեւնույն է, դրանց գործունեությունը չի դադարեցվում։ Իսկ ոստիկանությունը իրավասու չէ գրություն ուղարկելուց զատ որեւէ միջոց ձեռնարկել։ Ճանապարհային երթեւեկության կանոնների համաձայն, վճարովի ավտոկայանատեղին պետք է առանձնացված լինի հատուկ նշանով, իսկ նշանի տակ պետք է լինի տեղեկատու ցուցանակ` ինչպես, ինչ ձեւով պետք է կայանել մեքենան։ Սակայն շատ ավտոկանգառներում ցուցանակի փոխարեն միայն «փող հավաքող» կա։ Հայաստանում եթե վճարովի ավտոկանգառներից մեքենան գողանան, կայանատեղիի տերը կամ հսկիչը որեւէ պատասխանատվություն չեն կրի, նշել է lragir.am-ը։ Մայրաքաղաքում վճարովի ավտոկանգառների բիզնեսը բավականին եկամտաբեր է։ Այս մասին հավաստիացնում են նաեւ վճարովի ավտոկանգառների աշխատակիցները։ Հ.Գ. Փոքր-ինչ այլ է պատկերը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում։ Չնայած կայանատեղի համար այնտեղ բավական բարձր գներ են սահմանված, չնայած այնտեղ բոլոր վարորդներին տրվում են կտրոններ, սակայն մեքենայի առեւանգման համար, օրինակ, պատասխանատվության մասին ոչ մի խոսք չկա։ Գ. ԱՐԱՄՅԱՆ 337 (No 256 (կիրակնամուտ)), «ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» No 337 Նյութը` chi.am- ից Ապրիլի 30; 2011 թ., շաբաթ
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|