Չխոստովանված ու թողության չարժանացած, մարդու սրտի գաղտնարանում թաքնված մեղքը, որքան էլ, խղճի քարացման կամ քնեցման հետևանքով, թվա, թե մոռացվել ու անհետացել է, մի օր անպայման պիտի արթնանա, գլուխ բարձրացնի` խղճի տանջանք պատճառելով: Քրիստոնյան հավատում է, որ, միևնույն է, «չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և ոչ գաղտնի բան, որ չիմացվի», քանի որ Տեր Հիսուսի Երկրորդ գալստյանը դատաստանի առաջ է կանգնելու և իր բոլոր մեղքերն ամենքին հայտնի են դառնալու: Բայց միայն այդ Մեծ դատաստանը չէ, որ սպասում է ամեն մարդու:
Իր մարմինն ու երկիրը լքող մարդուն սպասում է սատանային կողմից հարուցվող մի մարտ, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդու հոգին լքում է մարմինը` գնալու հոգիների կայանները (օթևանները)` արդարների կամ մեղավորների, ուր ուրախալից հույսով կամ դառնությամբ պիտի սպասի Մեծ դատաստանի օրվա հատուցմանը: Ըստ Եկեղեցու հայրերի ընդհանուր նկարագրության` մարդու մահվան ժամանակ հայտնվում է նրա հրեշտակը (կամ հրեշտակներ)` հոգին տանելու:
Հոգին երկնքի ներքո գտնվող օդային ոլորտով անցնելիս (որն ինչպես գիտենք սատանայի և նրա հրեշտակների իշխանության ոլորտն է), հարձակման է ենթարկվում բազմաթիվ չար ոգիների (չար հրեշտակների, այսերի, դևերի) կողմից, որոնք մարդուն հիշեցնում են նրա մեղքերը, այսինքն` այն, ինչը նրանում պատկանում է իրենց:
Այս մարտում հոգու պաշտպանն ու օգնականն է նրա հրեշտակը (կամ բարի հրեշտակներ), որն արդարի հոգին ազատելով այս հարձակումներից` բարձրացնում- հասցնում է երկինք` արդարների կայանները` Անդրանկաց Եկեղեցին, ուր հավաքված են հրեշտակները և և արդարների ու սրբերի հոգիները: Այստեղ հոգին ուրախալից հույսով սպասում է Մեծ դատաստանի օրվա հատուցմանը, երբ արդեն ո՛չ միայն հոգով, այլև հարություն առած մարմնով, այսինքն` կատարելապես, պիտի ճաշակի հավիտենական բարիքները Երկնքի արքայության մեջ: Իսկ մեղսաշատ հոգին, այս մարտում պարտվելով, չի կարողանում անցնել երկինք և մնում է երկնքի ներքո` մեղավորների կայանում` այնտեղ երկյուղով ու հոգու տանջանքով սպասելու Մեծ դատաստանին ու վերջնական դատապարտությանը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun
|