Կենցաղը պետք է զարդարի մեր գերագույնը
«Այսօր Սուրբ Զատիկը դարձել է կարծես կենցաղային տոն։ Հոգևորը վերացել է։ Սակայն Հարության տոնը մեր հավատքի Աստվածաշնչի առանցքն է։ Շատերին հետաքրքրում է, թե երբ պետք է ձուն ներկեն, այսինքն՝ ներկը նրանց համար ընդամենը գույն է, այլ ոչ թե տիրոջ արյունը։, այլ ոչ թե հակառակը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։ Ըստ նրա՝ եկեղեցին գնալով երիտասարդանում է, այսինքն՝ մեր արմատը առողջ է, պետք է մի քիչ ճաշակ ձևավորվի, որպեսզի այս ծիսակատարությունները անցկացվեն տիպիկ հայկական ձևով։
Խոսելով օրվա խորհրդի՝ ձու ներկելու մասին, նա նշեց. «Այդ կարմիրը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը։ Ավանդությունը կապված է Մարիա Մագդալենացու հետ, ով գնաց Հռոմ՝ Տիբերիոս կայսեր մոտ և ասաց. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»; Այդ ժամանակ էլ էր ձուն կարմիր ներկվել։ Հարության տոնը մեր ազգի համար շատ կարևոր է, քանի որ մենք հարություն առնող ազգ ենք։ Զատիկը, իրոք, հայի տոն է»,- ապա ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին հավելեց. «Ճիշտ չէ, որ ձվերը ներկվում են տարբեր գույներով։ Այդ տարբեր գույները, ճուտիկները, փայլերը դրսից եկած բաներ են, որոնք Հարության տոնի հետ ընդհանրապես կապ չունեն։ Պետք է պատրաստենք պարզ և հոգևոր հայկական սեղան ու տեսնենք, թե ինչքան գեղեցիկ է այն»:
Ագուլեցու խոսքերով՝ ընտանիքը եկեղեցի է, որի կերպարը պետք է ստեղծվի ընտանիքում. «Երբ ստեղծվում է այդ կերպարը, ազգը ազգ է մնում։ Իսկ եթե մենք աղավաղում ենք այն, ապա երկար չենք կարող պահպանել։ Դրա համար այդ ավելորդ ձևապաշտական բաները պետք է չլինեն։ Սեղանի կենտրոնում Զատիկի տոնին պետք է անպայման դրվի կենաց ծառը»:
Վերջում բանախոսները հավելեցին, որ սեղանի վրա այնքան էլ կարևոր չէ ուտելիքի առատությունը։ «Արեք այն, ինչ ունեք և այն, ինչ կարող եք։ Թող սեղանին չլինեն ավելորդություններ և ավելորդ ծախսեր։ Քրիստոնեությունը միշտ համեստություն է սիրել և ավելի շատ հոգևոր, քան կենցաղային հարստություն»,- ավելացրեց ազգագրագետը:
1in.am Շաբաթ 07.04.2012
|