Նշվածը մեկն է միայն Ալիեւի արտահայտած «հետաքրքրական» մտքերից: Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ, ներկայացնելով մադրիդյան սկզբունքները, Ալիեւը «պատահաբար» մոռանում է դրանցից մեկը. այն, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է սահմանվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության արդյունքում: Սկզբունք, որի գոյությունը եւ արդարացիությունը սեփական ստորագրությամբ հավաստել էր ինքըՙ Ալիեւը Աստանայի հնգակողմ հայտարարությամբ: 2010 դեկտեմբերին Աստանայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության մեջ նշվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներիՙ 2009 թ. Լ,Աքվիլայում հրապարակած սկզբունքների հիման վրա: Նշված 6 սկզբունքներից 4-րդը սահմանում է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշումՙ իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտության միջոցով»:
Այնուամենայնիվ, Ալիեւի ելույթի հաջորդ «նորությունը» այն է, որ Ադրբեջանն ընդունում է ԼՂ միջանկյալ կարգավիճակը:
Ադրբեջանի նախագահի ելույթին հետեւում են, սակայն, ադրբեջանական էլիտայի ներկայացուցիչների մի շարք այլ «բացահայտումներ»:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը նշում է. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը պաշտոնական Բաքվի կողմից զիջում է խաղաղ կարգավորման գործընթացում»:
Եթե Ի. Ալիեւն իր խոսքում ոչինչ չի ասում ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին, ապա Հասանովը նշում է, թե «10 տարի անցՙ նորմալ, խաղաղ պայմաններում, հնարավոր է, որ որոշվի ԼՂ-ի վերջնական կարգավիճակը, իսկ մինչ այդ Ադրբեջանը պատրաստ է նրան միջանկյալ կարգավիճակ շնորհել»:
Այս հայտարարություններին հետեւում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհամ Պոլուխովի հայտարարությունը, համաձայն որի. «Միջազգային հանության կողմից ընդունված միջանկյալ կարգավիճակ արտահայտությունը չի համապատասխանում միջազգային հարաբերությունների տերմինաբանությանը, եւ եթե ապագայում ԼՂ-ին ինչ-որ կարգավիճակ տրվի, դա կարող է լինել միայն Ադրբեջանի Հանրապետությանՙ միջազգային հանության կողմից ճանաչված սահմանների շրջանակում»:
Ադրբեջանցի պաշտոնյայի այս հավաստիացումն ուղղակիորեն հակասում է ԼՂ-ում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հունիսի սկզբում հնչեցրած հայտարարությանը. «Մադրիդյան սկզբունքներով մինչեւ հանրաքվեի կազմակերպումը ԼՂ-ի համար նախատեսված ժամանակավոր կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան ԼՂՀ այժմյան կարգավիճակը»: Այս մասին վերջինս հայտարարել էր «Նոր Արեւելյան Եվրոպա» լեհական ամսագրին տրված հարցազրույցում:
Համադրելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների տարաբնույթ հայտարարություններըՙ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանն իրական խառնաշփոթի մեջ է, ինչը զուգակցվում է հետեւյալ դրսեւորումներով:
Առաջին հերթին, պաշտոնական Բաքուն մեծ դժկամությամբ (ամենայն հավանականությամբ, միջազգային բավականին մեծ ճնշման արդյունքում) մասնակիորեն անկեղծանում է սեփական հասարակության հետ ղարաբաղյան կարգավորման բանակցային փաթեթի բովանդակության առումով: Կեղծիքի ակնհայտ դրսեւորումներով այս խոստովանությունն, այնուամենայնիվ, ձեռքբերում է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները խոստովանում են ԼՂ-ի համար նախատեսված ժամանակավոր կարգավիճակը:
Մյուս կողմից, սակայն, տարիներ շարունակ սեփական հանրությանը մատուցած կեղծիքի ծավալն այնպիսին է, որ Ադրբեջանի իշխող էլիտայի մեջ կա վախ, եթե չասենքՙ սարսափ, որ ԼՂ-ին անգամ ժամանակավոր կարգավիճակի տրամադրումը չի ընկալվի հասարակության կողմից: Ընդ որում, չի ընկալվի ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի հասարակությունը դա կընկալի որպես սեփական շահերի ոտնահարում, այլ ակնհայտ կդարձնի սեփական իշխանությունների կողմից տարիներ շարունակ մատուցված կեղծիքը: Այդ իսկ պատճառով էլ ադրբեջանցի պաշտոնյաներըՙ Հասանով, Պոլուխով, խեղաթյուրում են միջանկյալ կարգավիճակի էությունը:
Երրորդ հետաքրքրական հանգամանքն այն է, որ տոտալիտար Ադրբեջանը չունի որեւէ կանխատեսում իր իսկ ժողովրդի հնարավոր արձագանքի վերաբերյալՙ բանակցվող փաթեթին իր համաձայնության դեպքում: Ուստի եւ զուգահեռաբար նախապատրաստում է նահանջի ճանապարհը: Ադրբեջանցի պաշտոնյաների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների շարքում արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն էր այն մասին, թե կարիք չկա համաձայնեցնել կարգավորման հիմնարար սկզբունքները, փոխարենը «կարելի է աշխատել խաղաղության համաձայնագրի պատրաստման ուղղությամբ»:
Այս ամենը վկայում է, որ եթե ելնենք ոչ թե քարոզչական հնարքների, այլ գործողությունների տրամաբանությունից, կարելի է ամրագրելՙ Ադրբեջանը փաստացիորեն մերժում է մադրիդյան սկզբունքները:
Մադրիդյան սկզբունքները կարելի է համարել մահացած, մնում էՙ մահվան փաստն արձանագրեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Որքան էլ ցավալի է, պետք է արձանագրել, որ տարիների կեղծիքի դեմ սեփական ժողովրդի ընդվզման վախիցՙ Ալիեւի կլանն օրեցօր ավելի է կառչում եւ կկառչի ղարաբաղյան կարգավորման հարցում առկա status quo-ից:
Նյութը` azg.am –ից «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 14-07-2011 Հ. ՍԵՄԵՐՋՅԱՆ
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: