Վերակառուցվեց Նալբանդյան գյուղի մատուռը
Հունիսի 4-ին` Արարատյան Հայրապետական Թեմի Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միությունը մասնակցեց Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի Ս. Մարիամ Աստվածածին մատուռի օրհնության կարգին: Մատուռը վերակառուցվել էր գյուղացի բարերարներ Հլղաթյանների և Հարությունյանների ընտանիքների կողմից: «Արարատ» միության անդամներին` համանուն պարի խմբին, երգչախմբին և միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին դիմավորեց Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Որից հետո բազմաթիվ գյուղացիների և հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ մատուռի օրհնության կարգ:
Ինչպես իր խոսքում նշեց Սիոն սրբազանը` Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղը ունեցել է իր եկեղեցին, որը սակայն քանդվել է աստվածամերժության տարիներին: Եկեղեցին քանդվել է, բայց հավատքի զորությունը մնացել է, և շարունակել է ապրել մարդկանց մեջ, որի պարզ վկայությունն է այս մատուռի վերակառուցումը և օրհնության կարգը:
«Արարատ» միության համանուն երգչախումբը և պարախումբը հանդես եկան համերգային ծրագրով, որից հետո բարերարները մատաղի ճաշ մատուցեցին հյուրերին: Միջոցառման ավարտին Սիոն սրբազանը իր շնորհակալությունը փոխանցեց «Արարատ» միության երգչախմբին և պարախբին, Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, իսկ գյուղացիներին պատգամեց` պահել և պահպանել մատուռը, հավատարիմ մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հեռու մնալ աղանդներից ու աստվածամերժ կազմակերպություններից:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|