Ճանաչելով մեր հերոսներին` ճանաչում ենք մեզ
Փետրվարի 15-ին Երևանում` "Նարեկացի” արվեստի միության սրահում, տեղի ունեցավ "Ծանիր Զ`քեզ” կարգախոսը կրող անկախ երիտասարդների խմբավորման հերթական միջոցառումը: Հանդիպումը նվիրված էր Արցախյան հերոսամարտի մասնակից Գագիկ Ստեփանյանի հիշատակին: Միջոցառումը մեկնարկեց ռեժիսոր Սամվել Թադևոսյանի խոսքով, որից հետո ցուցադրվեց նրա "Հեթանոս Գագո” ֆիլմը: Քսան րոպեանոց վավերագրական ֆիլմը պատմում էր Գագիկ Ստեփանյանի կյանքի և մարտական ուղղու մասին: Ֆիլմից հետո բեմ հրավիրվեցին նրա եղբայրը` Բագրատ Ստեփանյանը, մարտական ընկեր Լևոն Ալամշյանը և նրա բռնցքամարտի մարզիչ Դերենիկ Ոսկանյանը, որը այժմ Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչն է: Գագիկ Ստեփանյանի մտերիմները ծանոթացան հանդիսատեսի հետ, պատասխանեցին նրանց հարցերին և պատմեցին նրա մասին:
"Ծանիր զքեզ” նախաձեռնության առաջին միջոցառումը տեղի է ունեցել 2010–ի դեկտեմբերի 14–ին: Այն նվիրված էր Մոնթե Մելքոնյանին` լեգենդար Ավոյին, իսկ նրա մասին պատմող ֆիլմը կոչվում էր "Ցեղին սիրտը”:
Միջոցառման ավարտին` նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը նշեց, որ նախաձեռնությունը ի սկզբանե քաղաքական կամ կրոնական որևէ ուղղվածություն չի ունեցել և հետագայում էլ չի ունենալու: ""Ծանիր Զ`քեզ”-ը նշանակում է, որ մեր հերոսներին ճանաչելով ճանաչում ենք ինքներս մեզ, սա է մեր նախաձեռնության անելիքը և այն մեկ այլ բանի չի վերափոխվելու”,- Ասաց Գեղամ Օհանյանը:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|