Սրբապատկերի խորհուրդը (Մաս 2-րդ)
Սրբապատկերի մասին Ընդհանրական Եկեղեցու հայրերի հայտնած տեսակետները հետագայում դարձան այն հիմքը, որի վրա վեր խոյացավ նրա աստվածաբանությունը: Ըստ դրա` սրբապատկերը Եկեղեցու և եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է: Նա կարևորագույնն է պաշտամունքի ընթացքում օգտագործվող բոլոր ծիսական առարկաների մեջ, որովհետև սրբապատկերի գոյաբանական հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի գերբնական մարմնավորման անճառելի իրողությունը: Աստված Իր Էությամբ Հոգի է` այսինքն նրան անհնար է նկարագրել, բայց երբ նա մարմին է առնում, ապա վերցնում և Իրեն է միացնում մարդկային բնությունը, որով ձեռք է բերում նաև նյութական կերպար, իսկ սա էլ հնարավոր է դառնում պատկերել: Այսինքն` հոգևոր էությունն արտահայտվում է զգայական կերպարի մեջ և միջոցով: Հետևաբար սրբապատկերը հայտնութենական բնույթ ունի, քանի որ գրավոր հայտնությունը (Սուրբ Գիրքը) այս պարագայում մեզ է հաղորդվում կերպարվեստի լեզվով: Պատկերի միջոցով մեզ է բացահայտում մաքուր, միայն մտքով հասանելի աստվածային իրականության խորհուրդները: Սրբապատկերը, մեր հայացքը վերցնելով իր վրա, զգայական դիտումով մեր միտքը բարձրացնում է դեպի մտային (հոգևոր) հայում: Տեսնելով պատկերը` մենք մտովի դիմում ենք պատկերվածին: Դա կատարվում է Սուրբ Հոգու ներգոծմամբ. աստվածային շնորհը, որ առկա է սրբապատկերում, մեզ է տրվում հանուն նրա վրա պատկերվածի: Այդ պատճառով էլ մենք պետք է հավատով, երկյուղածությամբ ու երկրպագությամբ մերձենանք սրբապատկերին և մեր աղոտքն ու խնդրանքն ուղղենք Աստծուն: Այդպիսով իրականանում է մեր հոգևոր մերձեցումը պատկերվածի հետ: Դա նաև խոսուն վկայությունն է այն բանի, որ երկրային Եկեղեցում իրապես ներկա է երկնային Եկեղեցին, և նրանց խորհրդական միությունը անքակտելի է: Այսպիսով, սրբապատկերի գլխավոր խնդիրը քրիստոնյային դեպի սրբություն, դեպի աստվածային նորոգություն հրավիրելն է: Սակայն երբ աղոթում ենք սրբապատկերի առջև, պետք է հստակ գիտակցենք, որ մեր աղոտքը ուղղված է ոչ թե պատկերին, այլ այն անձին, ով առկա է պատկերի վրա:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|