ԱՂԱՆԴՆԵՐ…
Վերջերս հասարակության մեջ ավելի են ակտիվացել աղանդավորներին առնչվող քննարկումները՝ պայմանավորված որոշ միջադեպերով, որոնք անմիջապես հայտնվեցին նաեւ զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նպատակ չհետապնդելով մասնավոր անդրադարձ կատարել այդ դեպքերին՝ կցանկանայի որոշ պարզաբանումներ անել: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ խորհրդային շրջանում բացահայտ հակաեկեղեցական տրամադրությունների, այնուհետեւ բնական աղետի, տնտեսության եւ կյանքի մակարդակի անկման, բնակչության սթրեսայնության բարձրացման, ինչպես նաեւ անբարենպաստ սոցիալական կացության պայմաններում է, որ Հայաստանը դարձավ բազմաթիվ աղանդների թիրախ: Երեւույթն ավելի քան հասկանալի է, քանզի նրանց կողմից ծանր պայմանները որպես ամենահարմար առիթ նկատելն արդեն իսկ բացահայտում է որոշակի սքողված նպատակաուղղվածություն: Աղանդները խիստ կործանարար, քայքայիչ ազդեցություն են գործում հասարակության գրեթե բոլոր մակարդակների գործունեության վրա: Պատահական չէ, որ դրանք արդի կյանքի ամենաարագ տարածվող ու ամենավտանգավոր երեւույթներից են: Ավելին՝ ոչ աթեիզմի զանգվածային տարածումը, ոչ գիտության առաջընթացը եւ ոչ էլ ժամանակակից կյանքի ազատության չափորոշիչով հռչակված արժեքների ներմուծումը չեն կարողացել այնքան սասանել հանրության հավատքն ու բարոյական արժեհամակարգը, ինչքան աղանդների գործունեությունը:
Ամեն ինչ սկսվում է անձի անհատականության քայքայմամբ ու ոչնչացմամբ, որից հետո կազմալուծվում է ընտանիքը, խարխլվում հասարակության հիմքերը: Աղանդներին բնորոշ գործելակերպեր են առավել հուզավառ եւ զգացմունքային առումով խոցելի դարձնելու միտումով վախի եւ մեղքի զգացողություն առաջացնելը, հոգեբանական տարբեր ներգործությունների եւ հոգեմետ միջոցների շնորհիվ անձի զոմբիացումը, բացասական եւ անհանդուրժող վերաբերմունքի ներշնչումն արտաքին աշխարհի հանդեպ, մինչեւ իսկ անձին անօրինական գործողություններ կատարելու պատրաստակամության հասցնելը: Աղանդներում ինտեգրված յուրաքանչյուր լիիրավ անդամի կարելի է նմանեցնել գծից դուրս եկած շոգեքարշի, ով կործանում է ոչ միայն իրեն, այլեւ ուրիշների: Այսօր մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որին բազմաթիվ եւ բազմաբնույթ «ճշմարտություններ» են հրամցվում: Եվ սա զարմանալի չէ, քանզի երբ իրական ճշմարտությունը դուրս է մղվում մարդու կյանքից, նա դառնում է «նոր ճշմարտության» հեղինակ: Հետեւաբար հասկանալի է դառնում, թե ինչու է ամեն մի սուտ ձգտում ճշմարտության նմանվել: Աղանդների կողմից քարոզվող նորահնար «ճշմարտությունը» իր էության մեջ թշնամություն, հակառակություն է սերմանում: Եվ իրական ճշմարտությունը խեղելու այդ մտայնությունն այլ կերպ չի կարելի բնորոշել, քան ինքնանպատակ կուրություն, իսկ ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել: Մերօրյա իրականությունն այն է, որ ավելի քան երկու հազար տարի առաջ Հիսուսին հասցեագրված «խաչը հանիր» բացականչող շուրթերը մինչեւ այսօր չեն լռում, դրանք շարունակում են նույն բանն աղաղակել՝ ուղղված արդեն ոչ թե հարուցյալ Քրիստոսի, այլ այս աշխարհում նրա առաքելությունը շարունակող եւ նրա մարմինը հանդիսացող եկեղեցու դեմ: Բայց ինչպես Օգոստինոս Երանելին է ասել՝ «Ճշմարիտ եկեղեցուց դուրս կարող ես գտնել ամեն ինչ, բացի փրկությունից»: Մեր կյանքում աղանդների ագրեսիվ դրսեւորումներն ավելի բացահայտ, անկաշկանդ եւ անկառավարելի են դառնում, ինչը խիստ անհրաժեշտություն է առաջացնում հոգեորսություն եզրի հստակ ձեւակերպման եւ դրան համապատասխան պատժի սահմանման: Ինչպես նշել է ժամանակակից եկեղեցական հեղինակներից մեկը՝ «Ես ազատ եմ շարժելու իմ ձեռքը, բայց իմ ձեռքը շարժելու սեփական ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի դեմքը»: Սակայն երբ խախտվում է ձեռքի եւ դեմքի միջեւ եղած սահմանը, դա արդեն լուրջ խորհելու առիթ է տալիս: Այսօր որոշ աղանդներ երեսպաշտորեն բարձրաձայնում են, թե ընդունում են Հայ առաքելական եկեղեցին որպես Մայր եկեղեցի: Եթե այդպես է, ապա ընկալելի չէ, թե ինչու են մայրասպան առաքելություն իրականացնում` փորձելով տկարեցնել Մայր եկեղեցին, որը միշտ էլ գրկաբաց պատրաստ է ետ ընդունելու իր զավակներին:
Աղանդավորների գործունեությունն ի վերջո օտարի դաշույնով սեփական անձը դանակահարել է նշանակում: Շարունակել ապրել այդ կեղծ ճշմարտությամբ, նշանակում է շարունակել լինել քրիստոնյա՝ առանց Քրիստոսի:
Ժորա սարկավագ Սարգսյան Նյութը` aravot.am –ից ԴԵԿՏԵՄԲԵՐ 7, 2011 14:35
|