Սոցիալապես անապահով ընտանիքը տեղ չունի գնալու…
Իսկ իրենց տունը նորոգելու, ավելի ճիշտ՝վերականգնելու համար էլ գումար չկա: Գոհար Խաչատրյանն իր 4 անչափահաս երեխաների հետ ապրում է Կոնդ թաղամասի Ռուսթավելու փողոցի թիվ 3 կիսաքանդ տանը: Նրանց տունն ի սկզբանե ունեցել է 3 սենյակ, սակայն հիմա հնարավոր է ապրել միայն մեկում. մնացած 2 սենյակը, խոհանոցն ու սանհանգույցը փլված են: Հեռախոս ու խմելու ջուր չունեն: Որտեղ տեղադրված է լվացարանը, հնարավոր չէ խմելու ջուր վերցնել` հակահիգիենիկ պայմաններ են: Հենց այդ հակահիգենիկ պայմաններում ու սառը ջրով է բազմազավակ մայրն իր երեխաների հագուստը լավանում: Զուգարանն էլ վերջերս են վերակառուցել. դա էլ էր փլվել: Գոհարն իր ուժերով է զուգարանի փլված և տան բնակելի սենյակի 2 պատի մասերն իրար վրա շարել ու երեխաներին պատսպարել տանիքի տակ: Գոհարի ներկայացմամբ` «Արդեն առաջվա ուժը չունեմ: Էլ շատ բան չեմ կարողանում անել: Սառը ջրից ձեռքերս ցավում են, բռնվում»: Նրանք իրենց միակ բնակելի սենյակը ջեռուցում են փայտի վառարանով, որում ամեն ինչ վառում են: Ձմռան ցրտերը դեռ նոր են սկսվել, իսկ նրանց վառելափայտը վերջանում է: Գոհարի խոսքերով` վառելափայտն այստեղից-այնտեղից են հավաքել. «Հետո չեմ պատկերացնում, թե ինչ ենք անելու: Այս տարի էլ ահավոր ցուրտ է: Ոնց որ դրսում կրակ վառած լինենք ու կանգնեք կողքին: Ամեն տեղից փչում է: Սենյակի պատերը մեծ-մեծ ճաքեր ունեն: Մի ժամանակ եղբայրս էր օգնում, մի քանի կտոր փայտ էր բերում, որ երեխաները ցրտից չսառչեն: Նա շինարարություն էր անում, իրենց մոտ ինչ անպետք բան գտնում էր, բերում է մեզ, որ վառենք-տաքանանք: Հիմա նա ամուսնացել է և իր խնդիրներն ունի, այլևս չի կարողանում վառելիք բերել»:
Տանտերը սենյակի ճաքերին ցելաֆոնե տոպրակներ է փակցրել, որ ձյունը կամ անձրևը ներս չլցվեն: Իսկ պատուհանին հաստ ծածկոց են կախել. ճիշտ է՝ ամբողջովին զրկվել են արևի լույսից, բայց գոնե պատուհանից փչող քամին փոքր-ինչ մեղմվել է: Երեխաները հենց այդ պատուհանի տակ են քնում:
Գոհարի խոսքերով՝ շատ է դիմել իրենց թաղապետարան, որ գոնե շինանյութ տան պատերը մի քիչ կարգի բերելու համար, բայց որևէ մեկը բանի տեղ չի դրել. «Մեզ ոչ ոք էլ չի օգնում: Ասում են, որ իրենց գործը չէ: Մայրս է աշխատում, հավաքարար է, օրումեջ 2.000 դրամ է ($ 5) ստանում, բայց դրանով ո՞նց ապրենք: Մեր ամեն օրվա ուտելիքը փլավն է կամ նման մի բան: 2.000 դրամով ($ 5) 4 անչափահաս երեխաների համար ի՞նչ առնենք, որ ուտեն ու կշտանան: Ընդամենը 41 հազար դրամ ($ 106) նպաստ եմ ստանում, այն էլ հենց ստանում եմ, տանում եմ մեր բակի խանութին եմ տալիս, որ պարտքերս կրճատվեն: Ի՞նչ անեմ, երեխաներս ամեն օր արթնանում են ու ուտել են ուզում, ո՞նց ասեմ՝ չկա: Ստիպված ամենաէժան սնունդն եմ առնում: Բացի այդ էլ, լույսի պարտք ունեմ, չեմ կարողանում վճարել, անընդհատ անջատում են: Վերջերս էլ նախորդ տարիներից մնացած 7.000 դրամի ($ 18) լույսի պարտքի համար ինձ դատի են տվել, որ բռնագանձեն: Ես ի՞նչ ունեմ, որ իրենք էլ բռնագանձեն»:
Երեխաներն այս եղանակին հարմար հուգուստ ու կոշիկ չունեն: Աշնանային բաճկոններ ու կոշիկներ են հագնում: «Եթե ամռանը գոնե մի բան գտնում եմ հագցնելու, ապա ձմռան հարցը լուրջ է: Ամեն ինչ շատ թանկ է, ես հնարավորություն չունեմ առնելու: Ոչ կոշիկ ունեն, ոչ վերարկու, բարակ-մարակ բաներ են հագնում: Սառչում են այդպես»,- լացակումաց ասում է Գոհարը: Նրա ամուսինը նրանց հետ չի ապրում, մեկնել է արտասահման, գնացել է գումար աշխատելու, բայց ոչ մի դրամ չի ուղարկել ընտանիքին՝ պատճառաբանելով, որ աշխատանք չի գտել. «Երբ այստեղ աշխատում էր, էլի նորմալ չէինք ապրում, մի կերպ էինք ծայրը ծայրին հասցնում, բայց քանի որ ամուսինս մենակ է մեծացել՝ մայր, հայր, եղբայր ու քույր չի ունեցել, ուզում էր անպայման շատ երեխաներ ունենալ, բայց ո՞վ գիտեր, որ սենց կլինի, որ տունը կփլվի, իսկ մենք տեղ չենք ունենա գնալու: Ես շատ եմ ուզում աշխատեմ, որ այս խնդիրներից պրծնենք, բայց ո՞նց թողնեմ այս փոքր երեխաներին ու գնամ աշխատեմ, ո՞ւմ հոգածությանը թողնեմ, ուրիշ պահող չունենք, պայմաններն անվտանգ չեն: Երեխաներս ինքնամփոփ են դարձել ու շատ անկազմակերպ: Նրանք էլ նեղվում մեր խնդիրներից»:
Որպեսզի երեխաներն իրենց առօրյայից ու տան պայմաններից ցրվեն, մայրը նրանց դպրոցի դասերից հետո տանում է «Օրրան» բարեգործական ցերեկային կենտրոն: Նրա մեծ տղան՝ Անդրեյը, 11 տարեկան է, այդ կենտրոնում փայտամշակություն է սովորում, բայց երազում է համակարգիչ ունենալ, քանի որ նրանց դասարանում բոլորն ունեն, դրանով են զբաղվում, իսկ նա չունի: 9-ամյա Մոնիկան էլ նույն կենտրոնում մաքրամեի դասերի է գնում: Նա ջերմություն շատ է սիրում և փոքր եղբոր՝ 7-ամյա Արթուրիկի հետ նախընտրում է վառարանի կողքին նստել: Ընտանիքի ամենափոքր անդամը՝ 4-ամյա Անահիտը, իր համար զբաղմունք գտել է՝ նա այս օրերին ուրագով իրենց բակի սառույցներն է քանդում: Երբ մեզ տեսավ, վազեց մայրիկի մոտ և ուրախությամբ հարցրեց. «Եկել են մեր հետևից, որ լավ տեղ տանե՞ն»: Նրանք անգամ աշխատող հեռուստացույց չունեն, որ երեխաները ֆիլմեր կամ մուլտֆիլմեր դիտեն քնելուց առաջ: Մոր ներկայացմամբ` գոնե դա մի քիչ երեխաներին կուրախացներ:
Ներկայացված ընտանիքների համար ամանորյա հրաշք կդառնան ձեր այցելությունները: Ձեր օժանդակությունը կարող եք բերել նաև` գումար փոխանցելով հետևյալ հաշվի համարի վրա: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքում կարող եք գտնել համատեղ աշխատանքով սոցիալական խնդիրները լուծելու որոշ օրինակներ:
Նյութը` aravot.am-ից ԴԵԿՏԵՄԲԵՐ 30, 2011 12:25 Անուշ ԽԵՉՈՅԱՆ
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|