Ն. Հարթունյանը վստահ է` այս ամենը հատուկ է արվում
Սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության աշխատանքները խոչընդոտող հերթական ապօրինի որոշումն է կայացվել:
Ինչպես հայտնի է, ընկերությունը ՌԴ-ից «Ցար» ապրանքանիշով ապրանքներ է ներմուծում եւ իրացնում ՀՀ-ում:
Ընկերության ներկայացուցիչը մաքսային ծառայությունից տեղեկացվել է, որ ընկերության մաքսային ձեւակերպումների վրա արգելանք է դրված: Սա նշանակում է, որ ընկերությանը փաստացի արգելում են` իրականացնելու Սահմանադրությամբ երաշխավորված ձեռնարկատիրական գործունեություն:
Այս որոշմամբ սահմանափակվում է Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:
Չնայած այն հանգամանքին, որ Վարչական դատարանում վիճարկվող ստուգման ակտով արձանագրված գումարի չափը 111 մլն ՀՀ դրամ է, այսօր ԴԱՀԿ ծառայությունում հրաժարվեցին որպես հայցի ապահովում արգելանք կիրառել միայն ընկերությանը պատկանող եւ շուրջ 1,2 միլիարդ դրամի անշարժ գույքի վրա:
Սակայն ԴԱՀԿ ծառայության կողմից կալանք է դրվել ընկերությանը պատկանող շարժական եւ անշարժ գույքի վրա: ԴԱՀԿ աշխատակիցն իր այդ որոշումը պատճառաբանեց ոչ թե հայցագնի չափով արգելանք կիրառելու պահանջով, այլ ԴԱՀԿ ծառայությունում ձեւավորված արատավոր պրակտիկայով:
«Այս ամենն առաջացնում է մեծ խնդիրներ ընկերության համար. ապրանքը` ալյուրը, մակարոնեղենն ու այլ ապրանքները պիտանելիության ժամկետներ ունեն, դրանք կարող են անցնել, բացի դա եղանակը ցուրտ է, եւ դրանք կարող են փչանալ: 20 տոննա բեռով բարձված բեռնատարը գտնվում է մաքսային պահեստում, եւ հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի ապրանքը մաքսազերծել, ու որքան տուգանքներ կվճարվի անհարկի ուշացումների պատճառով»,-ասում է ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը:
Նրա խոսքերով խնդիրներ են առաջացել նաեւ բեռնափոխադրող ընկերությունների հետ:
Ն. Հարթունյանը վստահ է` այս ամենը հատուկ է արվում. «Երեւույթն ինքնին ասում է, որ ուզում են ոչնչացնել մեր բիզնեսը, մեզ: Ուղղակի կանգնում ասում են. «Թողեք երկիրը, գնացեք»,-նշում է Նարեկ Հարթունյանը:
20-02-2012 13:37 Maxinfo.am
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|