«Առավոտի» հետ զրույցում Երեւանի Նուբարաշեն համայնքի հոգեւոր հովիվ տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշեց, որ աղանդները նման ամսաթվեր ընտրում են՝ դրանց ավելի գեղեցիկ եւ սիմվոլիկ լինելու պատճառով, որպեսզի ավելի տպավորիչ լինի: Ըստ նրա՝ այս «աշխարհի վերջերի» շարքը սկսվեց 2000-ից եւ դեռեւս շարունակում է մնալ արդիական թեմա. «Ես նաեւ դպրոցում եմ դասավանդում՝ առնվազն ամեն 5-րդ աշակերտն է հարցնում դրա մասին»:
Մեր հարցին՝ ի՞նչ պատասխան են ստանում ապոկալիպտիկ թվականների մասին հարցնող մարդիկ, տեր Նիկողոսը պատասխանեց. «Բնականաբար, ասում եմ, որ դա սուտ է եւ որեւէ մեկը չի կարող գուշակել աշխարհի վերջը: Աստվածաշնչում աշխարհի կործանման համար ոչ մի թվական նշված չէ: Նույնիսկ Քրիստոսը Աստվածաշնչում ասում է, որ աշխարհի վերջի մասին ինքն էլ չգիտի, ոչ էլ հրեշտակները, այլ միայն Հայր Աստված գիտի»: Նույն պատասխանը ստացանք նաեւ Տիրան աբեղա Հակոբյանի հետ զրույցում՝ Երուսաղեմից: Հայր սուրբը մեջբերեց Սուրբգրյան հատվածը. «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ Հայրը։ Մատթ. 24:36»:
Ամենավերջին «գոլդ» 12.12.12 աշխարհի վերջից հետո ի՞նչ կանխատեսումներ կանեն Հայաստանում գործող ապոկալիպտիկ շեղվածություն ունեցող խմբակները հարցին ի պատասխան, տեր Նիկողոսը ասաց. «Այդ հարցում նրանց կօգնի իրենց ամենալավ հուշարարը՝ Սատանան», իսկ Տիրան աբեղան կարծում է, որ ինչ-որ խմբակներ կսկսեն նշել 13.03.13-ը:
Թե որքանով է ապոկալիպտիկ կանխատեսումների մեջ ունեցած հետաքրքրությունը մեծ ռուս ուղղափառ եկեղեցու հավատավորների մեջ՝ փորձեցինք իմանալ նրանց հոգեւորականներից:
ԴՌ շատ հոգեորականներ խուսափեցին հարցերին պատասխանելուց` ասելով թե չեն լսել «աղանդների մասին», իրենց մոտ նման բան չկա, տեղյակ չեն…
Ավագ քահանա Վիկտոր Կոպոլաեւը՝ ՌԴ Կիրովի շրջանից, հայտնեց, որ ապոկալիպտիկ շեղվածություն ունեցող աղանդներից իրենց տարածաշրջանում հայտնիություն ունեն «Եհովայի վկաները». «Մեր եկեղեցի հաճախողներն էլ էին հետաքրքրվում դրանով, ասացի, որ Աստված արգելել է մեզ մտածել դրա մասին: Աստված ասել է՝ արթուն մնացեք եւ աղոթեք եւ ասել է՝ ձեր գործը չէ իմանալը այն ժամկետներն ու ամսաթվերը, որոնք Աստված դրել է իր իշխանության մեջ»:
Ավագ քահանա Վիկտոր Կուպոլաեւը լավատես է եւ կարծում է որ 12.12.12-ից հետո աղանդները «մի քիչ կհանգստանան»:
Մոլդովայի Կապրիանական վանական համալիրից հայր Սերաֆիմ Լյախուի հետ զրույցում իմացանք, որ, նրա տվյալներով՝ Մոլդովայում, Ռուսաստանի համեմատությամբ, շատ ավելի քիչ են այդպիսի բաներով հետաքրքրվողները: «Պետք չէ ժամանակ ծախսել նման դատարկ բաների վրա: Աշխարհի վերջով անտեղի զբաղվելով՝ մարդը ինքն իր համար է մոտեցնում այն»,- ասաց հայր Սերաֆիմը:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի եւ Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում