ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-11-23 / 5:47:00 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՄԱՐՏ » 9 » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ «ՀԱՎԵՍԸ ՉՈՒՆԻ»
10:06:51 PM
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ «ՀԱՎԵՍԸ ՉՈՒՆԻ»
«Աշխարհը» զբաղված է մահմեդական աշխարհով ու ավելի գլոբալ խնդիրներով...


  Մարտի 5-ին Սոչիում` Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական՝ թվով ութերորդ եռակողմ հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն էր դրված: Բանակցություններից հետո երեք նախագահները՝ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը՝ նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.

 1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: 
 2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

 Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձեւաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»:

 Ասել է թե՝ որեւէ լուրջ բան, առավել եւս առաջընթաց քայլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում այդ հանդիպման ժամանակ չի արձանագրվել: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, հայաստանցի փորձագետները կարծիք են հայտնել, թե շարունակաբար կազմակերպելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները՝ պաշտոնական Մոսկվան փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս ստեղծել ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ձեւաչափ: Այս դիտարկման առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Որքան ես եմ հասկանում, այնուամենայնիվ, Մինսկի խումբն այսօր շարունակում է մնալ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների գլխավոր ձեւաչափը: Պարզ է, որ Ռուսաստանը, որը եւս համարում է, որ Մինսկի խումբը գլխավոր ձեւաչափն է, այդուամենայնիվ, փորձում է ինչ-որ չափով նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել՝ ցույց տալու համար, որ իր դերն ու ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա բավականին մեծ է նույնիսկ ՄԽ ձեւաչափի շրջանակներում: Այն երկու-երեք եռակողմ հանդիպումները, որոնք տեղի ունեցան ՌԴ նախաձեռնությամբ եւ որոշակի արդյունք արձանագրեցին, օրինակ՝ 2008-ի նոյեմբերին Մոսկվայում ընդունվեց Մայենդորֆյան հռչակագիրը, Աստրախանում, Սոչիում ընդունվեցին հայտարարություններ՝ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ու զարգացման առնչությամբ, ուղղված էին նույն նպատակին»: Այսուամենայնիվ, վերլուծաբանը կարծիք հայտնեց, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների իդեալական ձեւաչափը ՄԽ-ն է, եւ տարածաշրջանի կայունության տեսանկյունից վտանգավոր է, որ այդ հարցում ՄԽ-ում համանախագահող որեւէ երկիր, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, խնդրի կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի: Նրա դիտարկմամբ, երբ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում համատեղվում են երեք գերտերությունների շահերը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, որը, Ստ. Գրիգորյանի ասելով, ՄԽ-ում, ըստ էության, ԵՄ դիրքորոշումն է ներկայացնում, հնարավոր է ավելի օբյեկտիվ լուծում գտնել, որովհետեւ եթե ամեն ինչ թողնվի ՌԴ-ի հույսին, ապա հայտնի չէ, թե դա ինչով կավարտվի: «Այսօր ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգիռ չէ, որ ԼՂ հարցն արագ լուծում ստանա: Բայց մյուս կողմից՝ ՌԴ-ին ձեռնտու չէ նաեւ, որ ԼՂ շփման գոտում պատերազմական լայնամասշտաբ գործողություններ ծավալվեն: Սակայն հայտնի չէ, թե վաղը կամ մյուս օրը ՌԴ-ն ինչ որոշում կընդունի, եւ արդյոք նրա դիրքորոշումն այս հարցում չի՞ փոխվի, օրինակ՝ նա չի՞ որոշի ինչ-որ վերանայումներ անել մեր տարածաշրջանում:


 Ի՞նչ կլինի այդ դեպքում: Ուրեմն թույլ տալ եւ թողնել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում նախաձեռնության ղեկը ստանձնի մեկ կոնկրետ երկիր՝ մեծագույն սխալ կլինի: Բարեբախտաբար, այսօր ԱՄՆ-ն, Եվրամիությունը հետաքրքրություն ցուցաբերում են մեր տարածաշրջանի նկատմամբ»,- արձանագրեց Ստ. Գրիգորյանը: 

  Որպես իր այս վերջին հայտարարության վկայություն՝ նա մատնանշեց, թե «նույնիսկ Բարաք Օբամայի վարչակազմը, որն ակնհայտորեն այնքան էլ ակտիվ չէ Հարավային Կովկասում, արաբական աշխարհում ընթացող պրոցեսներից հասկացավ, որ որ այս տիպի կարեւորագույն հարցերում պրոցեսները ձեռքից բաց թողնելն ուղղակի անթույլատրելի է: Դա է պատճառը, որ, եթե նկատել եք, վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետներն անընդհատ այցելում են տարածաշրջան, այդ թվում նաեւ՝ Հայաստան»: 

  Վերադառնալով Սոչիում տեղի ունեցած բանակցություններին՝ քաղաքագետը էլի մի անգամ պնդեց. «Ես արդեն մի քանի անգամ, դեռ Աստանայի գագաթաժողովից հետո, որն, ի դեպ, բավական դրական արդյունք տվեց, ասել եմ, որ մոտ ժամանակներս ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մեծ տեղաշարժ սպասելն անիմաստ է, որովհետեւ կողմերի միջեւ անվստահության մթնոլորտը շատ մեծ է, եւ նրանք՝ Հայաստանը, Ղարաբաղն ու Ադրբեջանը, ուղղակի պատրաստ չեն նույնիսկ լուծման ամենաիդեալական տարբերակին»: Ստ. Գրիգորյանի ասելով, դա հասկանում են նաեւ միջազգային հանրությունն ու ՄԽ համանախագահողները, ուստի՝ հիմա ոչ միայն պետք է զբաղվել լուծման որոնումներով, այլեւ առաջին հերթին՝ վստահության մթնոլորտի ձեւավորմամբ, տարածաշրջանում լարվածությունը թուլացնելով. «Եթե նկատել եք, Լիտվան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, հենց այդպիսի նախաձեռնությամբ հանդես եկավ. շփման գծում հանել դիպուկահարներին, ռազմագերիների եւ կամ դիակների փոխանակում իրականացնել: Այսինքն՝ այսօր պետք է լուծել այն հարցերը, որոնք շփման գծում կթուլացնեն լարվածությունը եւ մեր հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտ կձեւավորեն: ԼՂ հարցում լուծումներ գտնել մոտ ժամանակներս դժվար կլինի, բայց կոնկրետ քայլեր անել այդ ուղղությամբ կարելի եւ անհրաժեշտ է:

 Սոչիի հանդիպման ժամանակ հենց այդ ուղղությամբ ինչ-որ մի փոքր քայլ արվեց, ու հիմա դրա իրականացման ժամանակն է»: Մեր հարցին՝ սա նշանակում է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման սպասումներն ու ռեալ գործողությունները հետին պլա՞ն մղվեցին, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Այո, այդպես է: Վերջին շրջանում ԼՂ հարցի հետ կապված ակտիվությունն արհեստական բնույթ էր կրում, եւ դա ակնհայտ էր: Բոլորն են հասկանում, որ ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Եվրոպայում, կոպիտ ասած, Ղարաբաղի հավեսը չունեն: Տեսեք, թե ինչ մեծ, համաշխարհային մասշտաբի պրոցեսներ են ընթանում մահմեդական աշխարհում: Ես միանշանակ չեմ կարող ասել, թե արդյոք իրերի այս վիճակը ձեռնտո՞ւ է Հայաստանին, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ այդ իրադարձությունները որոշակիորեն կազդեն մեր տարածաշրջանի վրա, ուժեղ ազդեցություն կունենան Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի քաղաքականության վրա, որովհետեւ սա ոչ թե ինչ-որ մի երկրի ներսում ընթացող պայքար է ազատությունների համար, այլ շղթայական մեծ պրոցես է, որը փոփոխությունների է հանգեցնելու ողջ աշխարհում: Փաստորեն մի քանի տասնյակ երկրներ տրանսֆորմացիայի են ենթարկվում, եւ դա շղթայական ռեակցիա ունի: Ուրեմն, այդ ֆոնի վրա մի փոքր, բայց կարեւոր խնդրի՝ ԼՂ հակամարտության լուծումն արագացնելը կամ լուծելը ուղղակի անհեթեթություն է, եւ Սոչին էլ դա ապացուցեց: Ոչ մի գլոբալ լուծում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը այս պայմաններում չէր կարող ստանալ: Սոչիում ուղղակի մի քայլ կամ փորձ արվեց լարվածությունը թուլացնելու համար, եւ ընդամենը»:

 ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ                                                   Նյութը` Aravot.am-ից 

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: 

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+665 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan