Քեզ կճանաչեն քո նկարներով
Փետրվարի 21-ին Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ «Մերկ և մենակ» ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էին գեղանկարիչներ Արեն Շահնազարյանը և Գևորգ Գևորգյանը: Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դեկան Խաչիկ Ազիզյանը նշեց, որ տարիներ առաջ իրենց սերնդի ներկայացուցիչներին այդպիսի բախտ չէր վիճակվում ցուցահանդեսներ կազմակերպելու, իսկ այսօր իրենց ուսանողներն ունեն այդ հնարավորությունը: «Ուրախ եմ , որ լավ ուսանողներ ունենք»-ասաց Խ. Ազիզյանը: «Այսօր նրանք ներկայացրել են իրենց ստեղծագործությունները , որոնց մեջ փնտրումներ են անում: Շատ գեղեցիկ են նկարները, տղաներն ունեն հետաքրիր աշխարհայացք և լայն մտահորիզոն, բայց կցանկանայի նրանց նկարներում ավելի քիչ տեսնել մռայլ գույները»-ասաց Գեղարվեստի ակադեմիայի դասախոս, պրոֆեսոր Ժոռա Հայրապետյանը և հավելեց` «Եղեք միշտ փնտրող, բայց և լավատես»: Ա. Շահնազարյանը և Գ. Գևորգյանը մասնակցել են տարբեր ցուցահանդեսների և ունեցել նաև անհատական ցուցահանդեսներ: Գևորգ Գևորգյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված են տարբեր շրջանների գործեր: Այն հարցին, թե արդյոք մռայլ գույները կապված են իրենց հոգեվիճակի հետ, Գևորգը պատասխանեց. «Ոչ, եթե այդպես լիներ, Գորկին միայն սևով պիտի նկարեր, քանի որ նկարիչներից և ոչ ոք նրա պես դժբախտություն չի ապրել»: Իսկ Արենի կարծիքով գույներն ավելի շատ աշխարհայացքի հետ են կապված: Արենն ու Գևորգը միասին առաջին անգամ են ցուցահանդես կազմակերպում, բայց համոզված են , որ համագործակցությունը կշարունակվի և ավելի մեծ մաշտաբներ կունենա: « Պատրաստվում ենք նաև զրույցներ ու ընթերցումներ անցկացնել գեղարվեստի թեմաներով»-հավելեց Գևորգը: «Երբ քեզ կճանաչեն քո նկարներով, դու կդառնաս նկարիչ»-ասաց Գևորգի տատիկը` հավելով, որ նրա նկարները չէր տարբերում այլ նկարիչների նկարներից, իսկ այսօր ցուցասրահ մտնելով ու տեսնելով նրա ստեղծագործությունը անմիջապես հասկացավ որ դա Գևորգինն է:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են
Աննա Բադալյանին: կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|