«Եհովայի վկայի» գործով՝ նոր մեղադրանք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, վերանայելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոշում է կայացրել մեղադրյալ Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու եւ նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին: Որոշումը հրապարակվել է երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են 2 քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել է նրանց եւ խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ եւ վիճաբանել են Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում՝ քահանան փորձել է բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի եւ Ս. Գրիգորյանի՝ քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չի տվել քահանային նկարել՝ նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել է ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին՝ սպառնալիքներ հնչեցնելով քահանայի հասցեին: Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ բացի վերոհիշյալ հանցավոր արարքները կատարելուց, ամբաստանյալ Ա. Մակվեցյանը կատարել է այլ հանցանք եւս, այն է՝ վերջինս, քրիստոնեական եկեղեցու նկատմամբ ատելություն դրսեւորելով եւ իր գաղափարախոսությունը քարոզելու շարժառիթից ելնելով, խախտել է քաղաքացի Պարգեւ Բադոյանի՝ Առաքելական եկեղեցուն դավանելու, եկեղեցի այցելելու, ինչպես նաեւ՝ քահանա Տեր Եսայի Արթենյանի՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մեջ իր կրոնի հետեւորդներին ներգրավելու փորձ կատարող անձանց գործողությունները կանխելու իրավունքը:
Ա. Մակվեցյանը հարվածել է Տեր Եսայի քահանային, ապօրինի վերցրել նրա հեռախոսը, սպառնալիքներ հնչեցրել՝ էական վնաս պատճառելով Պ. Բադոյանին եւ Տեր Եսայի քահանա Արթենյանի օրինական շահերին՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածով վերջիններիս վերապահված իրավունքներն ու ազատությունները:
Նյութը` Aravot.am -ից 2011-10-22
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|