Մտքեր,
որոնք չեն հիմնավորվում որևէ փաստաթղթի վկայակոչմամբ, սակայն ունեն անվերապահ դատողության երանգ:
2 չարաբաստիկ արձանագրությունների հրապարակումը առիթ հանդիսացավ, որ լրագրող համարվող (իրենք էլ իրենց քաղաքագետ համարող) անձեր սկսեն մտքեր արտահայտել ` հիմա էլ միջազգային իրավունքի հարթությունում:
Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ անդրադառնանք մի դատողության, որն իհարկե նոր չէ Հայկական, այսպես կոչված, քաղաքական մտքի դաշտի համար: Վերջերս կարդաացինք հետևյալը. <<Իրականության մեջ, երբ Հայաստանը դարձավ անկախ և դարձավ ՄԱԿ-ի անդամ, նա պարզապես ճանաչեց այսօրվա սահմանները>>: (Но на самом деле, когда Армения стала независимой и стала
членом ООН, то она просто признала сегодняшние границы.) Նախ տեղեկացնենք, որ միջպետական հարաբերություններում պարզապես (просто) ոչինչ տեղի չի ունենում:
Որոշակի իրավական հետևանքներ կարող են առաջացնել միայն համապատասխան իրավական ձևակերպում պարունակող օրինական փաստաթղթերը: Առավել ևս, երբ հարցը վերաբերում է սահմաններին: Անկախության հռչակումը, անկախության ճանաչումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, անդամակցությունը ՄԱԿ-ին բնավ կապ չունեն սահմանների հետ:
Սահմանները հաստատվում, ճշգրտվում և փոփոխության են ենթարկվում միմիայն որոշակի իրավական գործընթացով և միջազգային իրավունքի համապատասխան գործիքով: Զուտ իրավական տեսանկյունից սահմանը գոյություն չունի, քանի դեռ չկա դրա մասին համապատասխան միջպետական պայմանագիր, այսինքն սահմանի նկարագրական մասը պարունակող և առդիր քարտեզներ ունեցող օրինական փաստաթուղթ: Տրոհված պետության (ԽՍՀՄ) ներպետական վարչատարածքային նախկին բաժանարար գծերը չեն կարող միջպետական սահմանների համար օրինական հիմք հանդիսանալ:
<<Իրականության մեջ>> Հայաստանի Հանրապետության անկախացումը միայն մեկ իրավական հետևանք է ունեցել` այսօրվա Հայաստանի Հանրապետությունը դարձել է իր ներկա տարածքում գոյություն ունեցած նախորդ պետական միավորի` 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետության, իրավահաջորդը: Բնականաբար, եթե կան օրինական պայմանագրեր, որոնք իրավականորեն ամրագրած են եղել նախորդ պետականության սահմանները, ուրեմն իրավահաջորդը ժառանգել է նաև այդ սահմանները: Եթե ոչ, ուրեմն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա ցանկալի է, որ ամրագրի այդ սահմանները:
ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՌՔԵԼՎՈՒՄ Է:
ՆՅՈՒԹԻ և ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿԻՆ
|