Լևոն Տեր-Պետրոսյանը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները
Մարտի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ գործող նախագահը Լիտվայի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին 1991թ. հունվարին Լիտվայում ծայր առած ճգնաժամի հաղթահարմանը ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համատեքստում:
Լևոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, հանրահավաքների ազատությունը ինչպես նաև մարտիմեկյան սպանդի բացահայտումը իշխանությունների կողմից խոչընդոտելու հարցերի վրա, նշելով, որ դրանց լուծումը Հայ Ազգային Կոնգրեսի առաջնահերթություններն են: Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի պասիվությանը` ԵԱՀԿ կողմից առաջնային համարվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության խնդիրների առնչությամբ:
ՀՀ Առաջին նախագահը նշել է, որ արդյունավետ չի իրագործվում նաեւ դեռևս 2003 թվականին մեկնարկած ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Ոստիկանության աջակցության ծրագիրը»:
Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված «Հայաստանի դատավարությունների դիտարկում» զեկույցի, ազատ և արդար ընտրությունների անցկացմանը առնչվող հարցեր:
Նյութը` nt.am -ից 18.03.2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|