Օձերը ստիպված են այլ տարածքներ մտնում
Ամեն անգամ տաք եղանակի հետ արդիականանում է օձերի դեմ պայքարի խնդիրը, որի մասին խոսեցին հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը և Կենդանաբանական այգու ակվատեռարիումի բաժնի վարիչ, «Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: Կարեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքում ընդամենը 23 տեսակի օձ է բնակվում, որից ռեալ թունավոր են 4 տեսակները, որոնք են բոլորին հայտնի Գյուրզան, Հայկական Իժը, Լեռնատափաստանային Երևանյան Իժն է և Գարևսկու Իժը, որոնցից վերջինը բավական հազվադեպ է հանդիպում` Աշոցքի շրջանում և շատ լոկալիզացված` փոքր տարածք է, որտեղ հանդիպումը մարդկանց հետ գրեթե անհնարին է, քանի որ այդ տեսակի օձերը շատ քիչ են: Երևանյան Իժը փոքր չափսերի օձ է և թույլ թույն ունի և կրկին չափազանց քիչ է հանդիպում. «Այսինքն` Հայկական Իժը և Գյուրզան են հիմնականում այս տագնապի առարկան»: Լրագրողների այն հարցին, թե ինչու են այս տարի շատացել և ակտիվացել օձերը` բանախոսը պատասխանեց, որ այս տարին ոչ մի բանով աչքի չի ընյնում և որ դա բնության բնականոն ընթացքի սովորական մասն է`,- « Ամեն տարի գարնանը` օձերը ձմեռումից են դուրս գալիս և նրանց մոտ սկսվում է «Հարսանեկան» շրջանը և ավելի հաճախ են հանդիպում բնության մեջ», -նշեց բանախոսը և հավելեց, որ այդ ակտիվությունը պահպանվում է նաև ամռան ընթացքում և ինչքան շոգ է ամռանը` այդքան հաճախ են նրանք հանդիպում մեզ: Լրագրողների այն հարցին, թե ինչու են օձերը սկսում մտնել մարդկանց տներ և բակեր հարցին ի պատասխան Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ շատ հաճախ դա լինում է մարդկանց միջամտությունից ծնված հետևանքներով. «Ամենուրեք ակտիվ շինարարություններ են ընաթանում, որոնց ընթացքում քանդվում են նաև մի շարք օձերի բնավայրեր. Այդ իսկ պատճառով օձերը ստիպված են լինում լքել իրենց տարածքները և ման են գալիս նոր տարածքներ և ստիպված են լինում և բնակավայրեր մտնել և այգիներ»: Ըստ մասնագետի` բնության մեջ օձերի հանդիպելը միանշանակ բնական է: Մտահոգիչ է այն, որ մտնում են մարդկանց բակային տարածքները, այգիները և տները, բայց դա կատարվում է հենց մարդկանց մեղքով, որոնք քանդել են օձերի բնակավայրերը և հեռացրել նրանց իրենց բնականոն վիճակից:
Հայկ Կիսեբլյան
|