«Կյանքի խոսքի» դեմ ստորագրահավաքը վերսկսվում է
Այս տարվա մարտ ամսվա սկզբից «Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը կազմակերպել էր ստորագրահավաք՝ ընդդեմ «Կյանքի խոսք» աղանդի: Ակցիայի նպատակն էր՝ պահանջել ՀՀ կառավարությունից եւ Ազգային ժողովից «Կյանքի խոսքին» զրկել կրոնական կազմակերպության կարգավիճակից: Լիգայի համոզմամբ՝ «Կյանքի խոսքի» գործունեությունը հակասում է ՀՀ օրենքի որոշ կետերի, մասնավորապես՝ «Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս»: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Միացյալ երիտասարդական լիգայի» ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը, արդեն հավաքվել է շուրջ 500 ստորագրություն. «Ստորագրությունները հավաքվել են ԵՊՀ-ում, Բժշկական համալսարանում, Գյուղակադեմիայում՝ հիմնականում մեր ակտիվիստների միջոցով: Հնարավոր է՝ առաջիկայում փողոցներում էլ լինեն հատուկ վայրեր, տեղի համար ներկա պահին բանակցում ենք մի շարք տարածքների ղեկավարների հետ»: Ակտիվիստները մտադիր են ստորագրությունների թիվը մինչեւ ապրիլի վերջ հասցնել գոնե 100000-ի:
Երեկ տեղեկացանք, որ այս պահին ստորագրահավաքը հետաձգվել է՝ հետագայում առավել մեծ մասշտաբով անցկացնելու համար: «Սկզբում այն իմիտացիոն բնույթ էր կրում, որպեսզի երիտասարդությունն ակտիվանա եւ սկսի պայքարել աղանդների դեմ»,- ասաց Սեւակը: Նրա խոսքով, ուսանողների մի մասն անտարբեր է աղանդների հանդեպ, բայց շատերն են շահագրգռված դրանց դեմ պայքարում. «Արդեն Գյումրիից էլ կան մեզ միանալ ցանկացողներ: Այդ երիտասարդները ստորագրահավաք կանցկացնեն Գյումրու մանկավարժական համալսարանում»:
Ստորագրահավաքը վերսկսվելու է ապրիլի 2-ից եւ շարունակվելու է մինչեւ ապրիլի 30-ը: Եկեղեցիների հոգեւոր հայրերի առաջարկով՝ այն կանցկացվի բոլոր եկեղեցական թեմերում եւ մարզերում: Առաջիկայում նաեւ մեծ երթ է նախապատրաստվում: Սեւակ Հովհաննիսյանի համոզմամբ, եթե երիտասարդությունը չցանկանա պայքարել քայքայիչ աղանդների դեմ, զուտ ստորագրահավաքը ոչ մի արդյունք չի տա: Հասարակական շարժման ղեկավարը բոլորին կոչ արեց միանալ պայքարին՝ անկախ քաղաքական դիրքորոշումից:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ ARAVOT.AM ՄԱՐՏ 29, 2012 13:27
|