Մետրոյի ուղեւորները կօգտվեն երթուղային տաքսիներից
Տեւական ժամանակ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիաներ չէին անցկացվում: Երեկ դրանք վերսկսվեցին՝ այս անգամ մետրոյի ուղեվարձի թանկացման դեմ: Երեկվանից քաղաքապետի որոշումը՝ 50 դրամ ուղեվարձը 100 դարձնելու մասին, ուժի մեջ մտավ: «Մենք դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնող խումբը, ակցիայի մասնակիցները նամակ էին հանձնել քաղաքապետարանի ներկայացուցչին՝ առաջարկելով վերանայել մետրոյի սակագնի թանկացումը:
Իսկ Կարեն Կարապետյանը, դարձյալ «Ֆեյսբուքի» իր էջում անդրադառնալով խնդրին, արդարացել է. «Ես բազմիցս նշել եմ, որ մենք ընդհանրապես բավականություն չենք ստանում, երբ մեր քաղաքացիներին առաջարկում ենք ավելի բարդ պայմաններ: Մետրոյի սակագնի բարձրացման պատճառ է հանդիսացել ժամանակին կառավարության կողմից ստանձնած վարկային պարտավորությունը: Մետրոյին ուղղված դոտացիան չի նվազել, սակայն մետրոն չկորցնելու եւ տեխնածին վթարներից խուսափելու համար պահանջվում են ծախսեր, որի հնարավորությունը հանրապետական բյուջեն չունի: Ստանձնած վարկային պարտավորությունով է պայմանավորված սակագնի բարձրացումը»: Ավելին՝ նշել է նաեւ, որ 100 դրամ սակագինը բեռ չէ: Բեռ է, թե ոչ՝ մենք որոշեցինք պարզել քաղաքացիներից, ովքեր մշտապես օգտվում են մետրոյից: «Հանրապետության հրապարակ» կայարանում հանդիպեցինք քաղաքացիների, ովքեր չէին էլ լսել թանկացման մասին եւ իմանալով՝ անակնկալի էին գալիս: Մեր հարցին, թե կշարունակե՞ն նույն հաճախականությամբ օգտվել մետրոյից, բացասական պատասխան ստացանք: «Իհարկե ոչ: Ես աշխատում եմ եւ ամեն օր գնում-գալիս եմ մետրոյով, որովհետեւ 50 դրամ է եւ ձեռնտու: Անգամ մի կանգառից ավելի քայլում եմ: Իսկ հիմա կնստեմ «մարշրուտկա», որը մինչեւ մեր շենքի մոտ է գնում»:
Մի երիտասարդ էլ ասաց, որ այն իր համար կդառնա սեզոնային փոխադրամիջոց. «Դե ինչքան էլ թանկացնեն՝ ամառ ա, ու մետրոյում հով ա, մետրոյից օգտվելն ամենաճիշտն ա, բայց մյուս սեզոններին էլ ո՞վ հավես ունի մետրոյի. ինչ պատահեց՝ կնստես էլի: Արդեն միեւնույն կդառնա, եւ գնի պատճառով զոհողությունների չես գնա: Ուղղակի վատ ա նաեւ ուսանողների համար, որոնց համար դա լուրջ գումար ա: Տարեցների»: Ժետոն վաճառող տիկնոջ կանխատեսմամբ՝ կնվազեն ուղեւորները, թեեւ այդ ամենն ավելի պարզ կլինի մոտ մեկ շաբաթվա ընթացքում: Այսինքն, եթե քաղաքացիների նվազման միտում կա, այդ դեպքում ի՞նչ միջոցներով են կոմպենսացնելու Կարեն Կարապետյանի մատնանշած ծախսերը: Մերոնցից ամեն ինչ սպասելի է, մեկ էլ տեսար մետրոյից օգտվելու հաճախականությունը բարձրացնելու համար երթուղային տաքսին թանկացնեն: Այնպես որ՝ միացեք մետրոյի սակագնի բարձրացման դեմ պայքարին:
Նյութը` hraparak.am-Ից ԳԱՅԱՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ 02/07/2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|