ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐ
«Հեթանոս» բառը վերցված է ասորական ձևից… Հայոց մարդակերպ աստվածները (Վահագն, Արամազդ, Վանատուր, Տիր, Միհր, Անահիտ, Նանե, Աստղիկ) համակարգված էին միասնական դիցարանում և ունեին իրենց որոշակի տեղը (տաճարը, մեհյանը), դերն ու պաշտամունքը: Հեթանոսական տաճարը` նվիրված այս կամ այն աստծո պաշտամունքին, տարբերվում էր քրիստոնեական հոգևոր շինություններից և ճարտարապետական, և գաղափարական առումով: Զուտ կրոնական շինություն լինելուց բացի, հեթանոսական տաճարը հանդիսանում էր նաև ժողովրդական զանգվածների ժողովման, տարբեր հանդիսությունների ու զոհաբերությունների համար նախատեսված մի յուրահատուկ վայր, և այդ նպատակին էր հատկապես ծառայում նրա առջև տարածված հրապարակը: Ժողովրդի մուտքը տաճար հիմնականում արգելված էր, որովհետ¨ բազմաբնույթ ծիսակատարություններն ու արարողությունները կատարվում էին դրսում: Հետևաբար և հիմնական շեշտը դրվում էր տաճարի ծավալի ու արտաքին հարդարման վրա: Ներքին տարածությունը, ուր լինում էր հիմնականում քրմական դասը, աչքի էր ընկնում իր համեստ հարդարմամբ: Այդ առումով քրիստոնեական եկեղեցին բավական տարբերվում էր հեթանոսական տաճարից, քանի որ ծիսական արարողությունները կատարվում էին եկեղեցու ներսում: Վաղ շրջանում եկեղեցիները իրենց չափերով մեծ էին, քանի որ գլխավոր նպատակն էր հնարավորինս շատ հավատացյալների տեղավորել ներսում, ուր և կատարվում էր պատարագը: Այս տեսանկյունից առաջնային էր համարվում կառույցի մեծ չափերը, ինչը չի կարելի ասել հեթանոսական շրջանի ուրարտական հուշարձանների մասին, որոնք փոքր ծավալի պաշտամունքային կառույցներ էին: Վերջիններիս դռների մոտ կանգնեցվում էին պահապան հոգիների արձանները: Դրանք երբեմն առյուծի կամ ցուլի մարմնով էին, սակայն մարդկային գլուխներով: Առանձին խումբ էին կազմում աստվածների բրոնզե պատկերները` ծածկված ոսկե շերտով և գունավոր քարերով: Դրանց ոչնչով չէին զիջում նաև հելլենիստական շրջանի հուշարձանները: Այս ժամանակահատվածում Հայաստանում տարածվում է հելլենիզմը (հունականություն), որը կապակցվելով տեղական ազգային մշակույթի ավանդույթների հետ, ձևավորում է նոր որակ: Այդ շրջանի ամենաուշագրավ կառույցներից է Գառնու հեթանոսական տաճարը (մ.թ.ա. 2-րդ դար):
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Արման Կարապետյանին
կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|