Ադրբեջանում 30 հազար հայ կա…
Ադրբեջանի գրողների միությունը դատապարտել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունները: Հիշեցնենք, որ հեռուստալրագրողը քննադատել էր Ադրբեջանին՝ հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացի Սերգեյ Գյուրջինյանին երկիր մուտքի արտոնություն չտալու համար: «Պարոն Սոլովյովը չպետք է մոռանա, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմական վիճակում է: Ըստ էության, հայ զավթարարներն իրականացրել են հենց այն էթնիկ զտումը, որը եւ Սոլովյովը, եւ ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը համարում են անընդունելի»,- ըստ «Ռեգնումի»՝ ասված է հայտարարության մեջ: Ադրբեջանի գրողների միությունը համարում է, թե քանի դեռ ռազմական դիմակայությունն ավարտված չէ՝ «հակամարտող կողմերի ներկայացուցիչները չեն կարող անարգել անցնել սահմանը, նույնիսկ եթե նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են»:
Հայտարարության հեղինակները նշել են տասնյակ ահաբեկչությունների մասին, որոնք իրականացվել են Ադրբեջանի տարածքում, ու նաեւ հերքել են Սոլովյովի պնդումը, թե Հայաստանում կան ադրբեջանցիներ. «Ներկայումս Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մոնոէթնիկ է: Իսկ Ադրբեջանում ապրում են շուրջ 30 հազար հայեր»: Հիշեցնենք, որ Սոլովյովը «Վեստի Էֆէմ» ռադիոկայանում հայտարարել էր. «Անհնարին, անպատշաճ եւ անթույլատրելի եմ համարում ՌԴ քաղաքացու նկատմամբ խտրականությունը եւ նրա արյան մաքրությունը պարզելը»: Սերգեյ Գյուրջինյանը, որն «ԱվտոՎԱԶ» ընկերության արտահանումային վաճառքի վարչության ղեկավարն է՝ պետք է Բաքվում մասնակցեր «Լադա» ավտոսրահի բացմանը: Սակայն «Ադրբեջանական ավիաընկերության» ներկայացուցիչը նրան հայտնել էր, թե «կա ղեկավարության ցուցումը՝ հայկական ազգանուններով ուղեւորներին չգրանցել»:
Նյութը` aravot.am-ից ՆՈՅԵՄԲԵՐ 11, 2011 14:50
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|