Երևան-Ամստերդամ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ս. թ. օգոստոսի 21-25-ը Հայաստանում գտնվող Ամստերդամի համալսարանի ժառանգության ու հատուկ հավաքածուների տնօրեն Ստեֆ Շոլտենին, ով նախարարության հրավերով Երևան է ժամանել` քննարկելու <<Հայ տպագրության 500-ամյակին նվիրված>> շրջիկ շուցահանդեսի ծրագրի կազմակերպական խնդիրները և նախապատրաստելու Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հետ եռակողմ համաձայնագրի ստորագրումը: Համատեղ ցուցահանդեսը, որը նախատեսվում է անցկացնել 2012 թ. հունիս- սեպտեմբեր ամիսներին Հոլանդիայում և 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. փետրվարը Երևանում, կողմերի համաձայնությամբ կներկայացվի նաև Եվրոպայի մի շարք քաղաքներում, որտեղ հիմնադրվել են հայ տպագրության կենտրոններ: Ամստերդամում հայկական տպագրատներ են գործել մինչև տասնութերորդ դարի կեսերը և այդ հանգամանքով էլ պայմանավորված է հայատառ մեծաթիվ գրականության առկայությունը Ամստերդամի համալսարանի գրադարանի <<Հատուկ Հավաքածուների>> բաժնում: Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են նաև ՀԱԳ-ից, Մատենադարանի և հոլանդական հավաքածուներից ներկայացվող հայալեզու հնատիպ գրականության ու ձեռագրերի թեմատիկան: Ցուցահանդեսը կներկայացնի հայ գրի պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը, հայոց պատմությունը, կրոնը և այլն: Առաջիկայում կողմերը կանդրադառնան նաև ցուցահանդեսի տարածքին, ցուցանմուշների քանակին ու կազմակերպական այլևայլ հարցերի:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակաին իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին: Կայքի հեղինակաին իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|