Հարցազրույց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Կարեն Անդրեասյանի հետ:
–ՀՀԿ–ի առաջարկությամբ իշխող կոալիցիան որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Ձեր թեկնածությունը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։
–Գնահատում եմ շատ բարդ, որովհետև բոլորս գիտենք այդ մասին՝ խնդիրները, բնականաբար, շատ են, և խախտումները բավականին շատ են, բողոքներն էլ շատ են եղել նախկին Մարդու իրավունքների պաշտպանից։ Ինչպես բոլոր հետխորհրդային երկրներում, նույնիսկ հիմա՝ նաև արևմտյան, զարգացած եվրոպական երկրներում, մարդու իրավունքների խնդիրները գնալով բարդանում են։ Այսինքն, բոլոր տեղերում, չգիտես ինչու, ինչքան սկսում են ավելի շատ կարևորել մարդու իրավունքները, այնքան շատ են լինում դրանց խախտումները։ Հայաստանն էլ բացառություն չէ։ Բնականաբար, այստեղ կան առանձնահատուկ իրավիճակներ, այդ խախտումների առանձնահատուկ տեսակներ, բայց այդ խախատումները կա՛ն, և դրանք բարդ են, աշխատանքն էլ բարդ եմ տեսնում։
–Չե՞ք կարծում, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը իշխանությունների կցորդն է։ Ինչպե՞ս եք կարողանալու «սողոսկել» իշխանությունների հրահանգներից, դրանք չկատարել։
–Հրահանգներ չկատարելը ինձ համար նույնիսկ խնդիր չի թվում, որովհետև չկա որևէ նախապայման հրահանգ կատարելու, երբ որ եղել է առաջարկությունը։ Որևէ ձևով հնարավորություն չկա նաև օրենքում հրահանգներ տալու։ Բավականաչափ լավ օրենք է այն իմաստով, որ մարդուն տվել է անկախ գործելու և անկախ հանդես գալու հնարավորություն։ Ուրիշ բան է, որ հեղինակությունը, ցավոք, դեռ բավական չէ, բայց այստեղ մեղքը չի կարող լինել միա՛յն իշխանությանը և միա՛յն մարդու իրավունքների պաշտպանինը։ Այստեղ կարող է նաև մեղքը լինել հասարակությանը և, ինչու չէ, նաև ձեր գործընկերներինը, ընդդիմությանը և այլն։ Ինչո՞ւ՝ որովհետև եթե դեռ ընդամենը մեկ–երկու օր է, ռեալ խոսվում է իմ թեկնածության մասին, և արդեն հարձակումներ են, արդեն ոչ թե քննադատություններ են, այլ ապրիորի ճանաչում են ոչ արդյունավետ, բնականաբար՝ դա կարող է դրդել որևէ մեկին դառնալ ոչ արդյունավետ։ Որովհետև երբ որ մեկին ասում ես՝ լավ չես աշխատելու, միգուցե սկսում է լավ չաշխատել։ Չնայած, ես ինձ հիմա ամեն օր պատրաստում եմ նրան, որ ի հեճուկս նման գնահատականների՝ ես անեմ առավելագույնը և կարողանամ շատ–շատ այսօրվա քննադատներին ապացուցել՝ այն, որ կոալիցիան է առաջարկում, այն, որ իշխանություններն են այսօր առաջարկում և միայն իրե՛նք ունեն այդ հնարավորությունը՝ նշանակել մարդու իրավունքների պաշտպան, չի զրկում ինձ կամ որևէ այլ մարդու լինել լավ մարդու իրավունքների պաշտպան։
–Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ մինչև հիմա ապացուցվել է՝ ՄԻՊ ինստիտուտն իշխանություններին կից կառույց է։
–Ես կասեի, որ դա չի ապացուցվել հետևյալ պատճառով։ Նախ՝ Լարիսա Ալավերդյանը երբեք չի եղել իշխանություններին կից կառույց։ Երկրորդ՝ Արմեն Հարությունյանը խիստ քննադատությունների է ենթարկվել իշխանությունների կողմից, բոլորս գիտենք։ Ես չեմ ասում, թե լավագույն ՄԻՊ–ը նա է, ով քննադատվում է կամ դուրս է գալիս կամ հրաժարվում է, կամ չգիտեմ՝ խաչվում է հասարակության կողմից։ Բայց բոլորս հասկանում ենք, որ մարդու իրավունքների որևէ պաշտպան Հայաստանում ձուլված չի եղել իշխանություններին։ Բնական է, եղել են դժգոհություններ, եղել են թերացումներ, եղել են բացթողումներ, ու բնական է, որ կառույցը լիովին կայացած չէ։ Դրա մասին բոլորն են խոսում։ Իմիջայլոց, ամենատխուրն այն է, որ այսօր մարդկանց թվում է, թե քննադատելով ինձ կամ որևէ այլ մարդու, ով, հնարավոր է, դառնա ՄԻՊ՝ իրենք ինչ–որ ձևով օգնում են այդ ինստիտուտի կայացմանը։ Դեռ չաշխատած, դեռ չարած դեպքում քարկոծելն ընդամենը թուլացնում է։ Այնպես որ, այդ բոլոր սրտացավ քարկոծողները հենց իրե՛նք էլ թուլացնում են ՄԻՊ–ին և այդ ինստիտուտը։
–Մինչ այժմ իշխանությունների գործելաոճն արդյոք ձեզ չի՞ համոզել, որ նրանք բազմիցս խախտում են մարդու իրավունքները։
–Ձեր հարցադրումը եթե չլիներ ընդհանրական, կարելի էր դրան պատասխանել։ Ոչ մեկը չի կասկածում, որ իշխանության այս կամ այն օղակում կան և եղել են մարմիններ, անձինք՝ պաշտոնատար կամ ոչ պաշտոնատար, որոնք խախտել են մարդու իրավունքները։ Ամբողջ աշխարհում չկա մի տեղ, որտեղ իշխանությունը չփորձի կամ իշխանության օղակները չփորձեն խախտել իրավունքներ։ Դրա համար էլ այդ բոլոր երկրներում ստեղծվում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հենց իշխանության, հենց պետության կողմից, որ դա լինի ինչ–որ զսպող ուժ չինովնիկների, պաշտոնյաների և իշխանության տարբեր ներկայացուցիչների համար։ Ես կարծում եմ, որ այստեղ չի կարելի ասել, թե պետք է նա անպայման լինի իշխանության հետ որևէ առնչություն չունեցող մարդ։ Պետք է լինի մարդ, ով կարողանում է իր և հասարակության ազդեցության շնորհիվ զսպել իշխանություններին, որպեսզի նրանք չօգտվեն իրենց իշխանությունից և ուժից ու չխախտեն մարդու իրավունքները։
–Ես հարցս մանրամասնեմ։ Մասնավորապես նկատի ունեմ բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց իրավունքները, փոքր ու միջին բիզնեսի համար են բազմաթիվ խոչընդոտներ առաջացնում, ամեն օր արձանագրվող գնաճը և այլն։ Սրանք մարդու իրավունքների տարրական խախտումնե՞ր չեն։
–Դուք խոսում եք ցավոտ խնդիրների մասին, և Դուք իսկապես ճիշտ եք, որ դրանք ցավոտ խնդիրներ են։ Բայց օրինակ երբ մենք խոսում ենք բացօթյա առևտրի մասին, այսօր գիտենք, որ օրենքը սահմանել է դա։ Ժամանակին, երբ որ այդ օրենքն ընդունվել է, կարող էին նույն այդ մարդիկ, ովքեր ուզում էին պաշտպանել, ես էլ՝ այդ թվում, որովհետև ես էլ եմ ցավում եմ գործազուրկ այդ մարդկանց համար, պետք է պայքարեին օրենքի դեմ։ Հիմա պետք է մտածել՝ ոնց կազմակերպել այդ օրենքը։ Ինչքան էլ դուք ցավոտ խնդիրներ եք ասում, դրանք ամեն մեկն առանձին, երկար ուսումնասիորությունների և քննարկման խնդիր են։ Ես որևէ կերպ չեմ փորձում ընդհանրացնելու պատրվակի տակ լղոզել պատասխանը։ Միևնույն ժամանակ դուք երեք այնպիսի հարց բարձրացրեցիք, որոնց մասին կարելի է ժամերով խոսել։ Հիմա ձեր ցանկությունը ո՞րն է՝ որ ես ասեմ, թե մարդու իրավունքների խախտում է այն բանը, որ օրենքով նախատեսված է փողոցում առևտուր չանել, և իրենք առևտո՞ւր են անում։ Դա՞ է մարդու իրավունքների խախտումը։ Թե՞, որ, ցավոք սրտի, նրանց համար դեռևս կազմակերպված չէ առևտրի հնարավոր գոտին։ Այսպես ուղղակի գնահատելը, որ սա՛ խախտում է, սա՛ խախտում չէ, ինձ համար՝ որպես իրավաբանի, առնվազն կոռեկտ չէ։ Ուրիշ բան է, որ այդ մարդկանց հետ կապված՝ կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուրջ ուսումնասիրվեն և լուծումներ ստանան։
–Բայց օրենքով ամրագրված չէ՛, որ անընդհատ պետք է գնաճ տեղի ունենա։
–Գնաճը, բնականաբար, իշխանությունները չեն կազմակերպում, որ ասենք՝ իշխանությունները խախտում են։ Ուրիշ բան է, որ միգուցե անգործություն կա այստեղ որոշ մարմինների կողմից, որ չեն կարողանում հետևել, որ գերակա դիրք ունեցող ընկերություններ կան դեռևս, որոնց պետք է կարողանալ այնպիսի հակամենաշնորհային նորմերով կազմակերպել, որպեսզի այդ գնաճը կանխվի։ Այո՛, գնաճն ինքնին հարվածում է մարդու սոցիալական իրավունքներին։ Բայց ասել, թե ո՞ր մարմինը և ո՞նց է դա արել, ինձ, օրինակ, դրա համար գոնե պետք է ժամանակ ուսումնասիրելու համար և ավելի հստակ առաջարկով հադես գալու համար։ Եթե ես լինեմ ՄԻՊ, հատիկ–հատիկ խնդիրները պետք է քննարկել, ուսումնասիրել, տալ հստակ լուծումներ և ձեր օգնությամբ դա հասցնել և՛ հասարակությանը, և՛ իշխանավորներին։ Բայց՝ միայն լրատմաիջոցների օգնությամբ, որովհետև ՄԻՊ–ը, որպես այդպիսին, իշխանություն չունի։ ՄԻՊ–ի միակ իշխանությունը հասարակական ազդեցությունն է, որն էլ լինում է ձեր շնորհիվ։
–ՄԻՊ պաշտոնի համար մի քանի թեկնածուի անուն էր շրջանառվում, բայց կոալիցիան ընտրեց հենց Ձե՛ր թեկնածությունը։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց Ձե՛զ վրա։ Արդյոք ո՞չ այն պատճառով, որ Դուք համարվում եք իշխանության մարդը ու բազմիցս հանդես եք եկել իշխանությունների նախաձեռնությունները պաշտպանող հայտարարություններով։
–Որ ասում եք՝ բազմիցս, կարո՞ղ եք ասել մեկ հայտարարություն, որտեղ ես իշխանության նախաձեռնությանը հավանություն եմ տվել։
–Վերջին թարմ օրինակներից մեկը։ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված պատմության ժամանակ Դուք ասում էիք, թե ապրեն իշխանությունները, շատ լավ նախադեպ է և այլն։
–Կա՞ որևէ մեկը, որ ասեր, թե բռնություն կիրառելը լավ է։ Կա՞ր որևէ ամենածայրահեղ ընդդիմադիր, որ չասաց, թե լավ էր, որ բռնություն կիրառելու դեպքում որոշակի հակազդեցություն եղավ իշխանության կողմից։ Կա՞ այդպիսի մի մարդ։ Այսինքն ասել, որ այս մի դրական բանը տեսնելն ինձ դարձնում է իշխանությունների մարդ, ես համարում եմ, որ դա ուղղակի ցանկություն է ինձ տեսնել իշխանությունների մարդ։
–Այսինքն՝ Դուք Ձեզ չե՛ք համարում իշխանությունների մարդ։
–Ես ինձ ոչ մեկի մարդ չեմ համարում։ Ես միշտ եղել եմ ի՛մ մարդը, և ես միշտ արել եմ այն, ինչին ե՛ս եմ հավատացել։ Եվ դա վկայում է իմ անկախ գործունեությունը։ Ես ունեցել եմ ի՛մ ընկերությունը, աշխատել եմ ի՛մ կազմակերպությունում և որևէ մեկինը չեմ եղել, գոնե՝ վերջին տարիներին։ Իսկ մինչ այդ եղել եմ հասարակական կազմակերպությունների մարդ, որովհետև աշխատել եմ հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը Նյութը` 7or.am-ից
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|