Մի շարք երևույթների շուրջ մարդիկ խուսափում են խոսել, սակայն դրանք լռության մատնելը խնդրի լուծում չէ: Հաճախ դիմացինին վատ լուրը ոչ հեռատեսորեն հայտնելը հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների, օրինակ` ազգականի մահվան մասին լուրը:
-Որքանո՞վ է նպատակահարմար հարազատի մահվան մասին լռություն պահպանելը:
-Շատերը նախընտրում են լռել հատակապես այն պարագայում, երբ գույժ ստացողը դեռահաս է, կամ` վատառողջ: Հարցը բավական վիճելի է, բայց մի շարք օրինակներ ուղղակիորեն ապացուցել են, որ լռությունը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել, մանավանդ, երբ հարազատի մահվան լուրը մարդն իմանում է տևական ժամանակ անց:
- Ո՞վ պետք է հայտնի հարազատի մահվան լուրը:
- Առավել նպատակահարմար կլինի, որ գույժը հայտնի այն անձը, ով ամենամոտն է կանգնած տեղեկացողին: Այդ դեպքում հայտնողը վստահ կիմանա, թե ինչպես մխիթարել լուրը լսողին և իր մոտեցումները կառաջարկի: Լուրը կարող է հայտնել նաև մարդկային դրսևորումների հանդեպ աչքաբաց անձը: Ամեն դեպքում նա, ով ստանձնում է գույժը փոխանցելու պարտավորությունը, պետք է բավականաչափ հավասարակշռված և փորձառու անձ լինի:
- Արդյո՞ք դեռահասներին և երեխաներին պետք է հեռու պահել մահացածի դիակի մոտ գտնվելուց, կամ այն տեսնելուց:
-Առհասարակ, Հայաստանում սգո արարողությունների հետ կապված կարծրացած դրսևորումներ կան, օրինակ` հանգուցյալից վախենալը, իսկ որոշ դեպքերում` սարսափելը: Սարսափը հաճախ այնքան հիվանդագին է լինում, որ փոխանցվում է նաև երեխաներին, և ծնողներին «ստիպում» նրանց հեռու պահել հանգուցյալից:Երեխան պետք է իմանա, թե ինչ է մահը: Ծնողները կանխավ պետք է բացատրեն իրենց զավակներին դրա էությունը, և թե ինչպես կարելի է հաղթահարել հարազատի կորուստը: Երեխաներին հանգուցյալներին տեսնելուց հեռու պահելու կարծրատիպում սնահավատություն չկա, բայց ոչ էլ` առողջ դատողություն:
Հայկ Կիսեբլյան