Նժդեհը ծնվել է 1886թ. Նախիջևանի Կզնուտ գյուղում: Հայ հեղափոխական շարժմանը միացել է 17 տարեկանից: 1912 թ. Անդրանիկի հետ մասնակցել է Բալկանյան պատերազմին: 1917 թ. սակավաթիվ ուժերով փրկել է Կողբի հայությանը: Վարել է նաև Ալաջայի կռիվները: 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում ոգևորելով հուսահատ ժողովրդին` իր ձեռքն է վերցրել կռիվը և 3 օրում ապահվել հայերի հաղթանակը: Պետք է նկատի ունենալ, որ Ղարաքիլիսայում դրությունը ամենավատն էր, և հուսալքված ժողովուրդը ոչ մեկին չէր ենթարկվում:
Եվ ինչպես թուրք հրամանատարն է հայտնում. ''Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել'': Թեև Նժդեհը վիրավորվել էր, մեկ վայրկյան անգամ չլքեց մարտադաշտը: Մեծ է Նժդեհի դերը Գողթանի, Արևիքի, Կապանի փրկության գործում: 1920թ. կեսերին Դրոյի զորամասի կողմից Ղարաբաղն ու Զանգեզուրը լքելուց հետո ստանձնել է Սյունիքի ինքնապաշտպանության գործը` կանխելով Հայաստանի վերջնական մասնատումը: 1920թ. հոկտեմբերի 9-ին Խուստուփ լեռան լանջերից 25-30 հոգով վերսկսելով պայքարը, 45 օրում Զանգեզուրը մաքրեց թշնամուց: Նժդեհը, այդ ընթացքում ունենալով հակառակորդից հարյուրապատիկ պակաս ռազմիկ, զենք ու զինամթերք, ազատագրեց 200-ի չափ գյուց` շարքից հանելով 11-րդ կարմիր բանակը:
Այս ընթացքում Հայաստանի կառավարությունը չէր պատասխանում Նժդեհի օգնության խնդրանքներին: Ավելին, ՀՀ կառավարությունը բանակցելով Խորհրդային Ռուսաստանի հետ` պահանջում է Նժդեհից դադարեցնել կռիվը: Նժդեհը մերժում է պահանջը:
Իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո Դրոն է առաջարկում վայր դնել զենքը և անցնել Երևան, սակայն, արժանանում է Նժդեհի բացասական պատասխանին: Այսպիսով, Նժդեհը, 1920-1921 թթ. Զանգեզուրը պահելով ՀՀ կազմի մեջ, պահպանեց նաև ''Հայաստանի Հանրապետություն'' կարգավիճակը: Այդ դեպքերին չէր կարող չանդրադառնալ հայ մամուլը: Լեոն, որ այս շրջանում ''Մշակի'' խմբագիրն էր, անխնա քննադատում էր ռուսական իշխանություններին: Օրջոնիկիձեի, Չիչերինի գործունեությունը որակում էր որպես հակահայկական: Լեոն բազմիցս խնդրել է ժողովրդին միանալ և օգնել Նժդեհին` պահելու Զանգեզուրը:
" Նժդեհը հետ է տվել բոլշևիկ պատվիրակներին'' վերնագրով հոդվածում Լեոն գրում է, որ բոլշևիկները Կապանում գտնվող հայ զորքերի հրամանատար Նժդեհի մոտ ուղարկում են 2 ռուս պատվիրակների և առաջարկում, որ անձնատուր լինի, խոստանալով իրեն և սպաներին կյանքի ապահովություն: Նժդեհը պատասխանում է, որ ինքը Կապան եկած պատվիրակներին չի ուզում ճանաչել, և որ նրանց հետ բանակցելու կարիք չի զգում: Ապա առաջարկում է 15 րոպեից թողնել Կապանի սահմանները, սպառնալով, որ եթե հրամանը չկատարվի, նրանք կարժանանան գնդակահարության:
|