Առաջին հայացքից գնահատելի կամ հետաքրքիր թվացող նմանատիպ գրառումների խառնաշփոթը շատերի մոտ իրականում հակակրանք են աջաջացնում «գրաֆիտի» կոչվող արվեստի նկատմամբ, մանավանդ, երբ տեղյակ չեն դրանից. Գրաֆիտիները պատկերներ են, նկարներ կամ գրառումներ` փորագրված կամ նկարված ներկով, թանաքներով` պատերին և այլ մակերևույթներին: Գրաֆիտիներին են պատկանում պատերի փողոցային ներկման ցանկացած ձևեր, որոնց վրա կարելի է գտնել ամեն ինչ. հասարակ գրված անուններից մինչև գեղեցիկ նկարներ: Գրաֆիտի տերմինն առաջացել է իտալերեն graffiato` փորագրված բառից:
Պատմագրության մեջ առանձնացնում են «գրաֆիտի» և «դեպինտի» հասկացությունները: Եթե վերջինս նշանակում է ներկով գրառումներ, ապա գրաֆիտին` փորագրված գրառումներ:
Հին ժամանակներում պատերի վրա գրաֆիտիներ նկարվել են սուր գործիքների միջոցով, երբեմն դրա համար օգտագործվել է ածուխ կամ կավիճ: Պատերի վրա արված գրառումները հայտնի են հնուց, դրանք հայտնաբերվել են հին արևելքի երկրներում, Հունաստանում և Հռոմում: Հին աշխարհում գրաֆիտիներն ունեցել են այլ նշանակություն և բովանդակություն, քան ժամանակակից հասարակության մեջ: Հին գրաֆիտիների իրենցից ներկայացնում էին սիրո խոստովանություններ, քաղաքական կարգախոսներ կամ պարզապես մտքեր:
Ներկայումս մեծ տարածում է գտել սփրեյ-արտ-ը` գրաֆիտիների նկարումը օզոնային ներկերի միջոցով: Հատկանշական է, որ գրաֆիտիները սերտորեն կապված են <<հիպ-հոպ>> կուլտուրայի, ինչպես նաև «փանք-ռոք» ուղղության և այն բազմաթիվ ոճերի հետ, որենք առաջացել են Նյու-Յորքյան գրաֆիտիներից:
Գրաֆիտին փողոցային արվեստի ձև է, նկարչական ինքնաարտահայտման ամենատարածված ձևերից ամբողջ աշխարհում: «Rap» կատարող Էդմոնդ Միրզախանյանի համար գրաֆիտին արվեստի մի յուրահատուկ աշխարհ է, որը ստեղծելով` մարդիկ կարծես այդ կերպ խոսում են իրար հետ.«Ես հաճույք եմ ստանում` նայելով դրանց»,-ասաց նա:
Հայաստանում գրաֆիտիները հիմնականում հանդիպում են գետնանցումներում, բակերի պատերին և համայնքների առանձին հատվածներում:
16-ամյա Գրիգոր Ստեփանյանը «Հիպ-հոպ» ոճով զբաղվելու համար ընտրել է գրաֆիտին և Նորք-Մարաշում իր խմբի հետ միասին 15 գրաֆիտիների հեղինակ են: Բացի այդ` Գրիգորը լավ է նկարում, քեռին նույնպես նկարիչ է, իսկ տատիկի եղբայրը քանդակագործ Կառլեն Նուրիջանյանն է: Արդեն երկու տարի է, ինչ գրաֆիտիներ է անում և համարում է, որ առանց գրաֆիտիների քաղաքը տգեղ է: Դրանով հանդերձ` կողմնակից չէ, որպեսզի ներկվեն եկեղեցիները կամ կառավարական շենքերը:
Սրբանկարչությամբ զբաղվող Արեվ Վարդանյաը դրական է վերաբերվում այս արվեստին, «եթե իրենց պատշաճ տեղում են, ոչ թե որտեղ պատահի»:
Աշխարհի շատ երկրներում որևէ մեկի սեփականության վրա առանց թույլատվության գրաֆիտի անելը համարվում է վանդալիզմ և դատապարտվում է օրենքով: Ինչպես նշեց Գրիգորը, իրենց հաճախ փորձել են արգելել:
Շատերի համար գրաֆիտին ապրելակերպ է և արվեստի ինքնուրույն ժանր: Մինչ այժմ այդ արվեստը համարվում է անօրինական, բացառությամբ այն դեպքերի, երբ նկարիչն օգտագործում է մշտական ներկեր:
Չնայած փողոցային արվեստի այս ձևը տարածում է գտնում մայրաքաղաքում, հաճախ են քաղաքի մաքուր պատերը փչացնում անհասկանալի խզբզոցները, հայհոյանքներն ու սիրո խոստովանությունները, որոնց տարածումը չեն խրախուսում ոչ միայն գրաֆիտիի նկարիչները, այլև մեր համաքաղաքացիները, որոնց համար հաճելի չէ նման գրառումներ տեսնել իրենց մուտքերի, բակերի պատերին, գետնանցումներում և եկեղեցիների պատերին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրաֆիտին նույնպես արվեստ է, «rap» երաժշտության մեկ այլ ներկայացուցիչ Նարեկ Հակոբյանը նշեց, որ հատուկ տեղեր պետք է լինեն գրաֆիտիների համար: Իսկ մինչ դրանք չկան` գրաֆիտի արվեստի նմուշների կողքին շարունակում են քաղաքի պատերը կեղտոտել մեր երիտասարդների «էմոցիոնալ պոռթկումները»…
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում