Խաղահրապարակը որպես առանձնատուն և ավտոկայանատեղի
Երեք տարի առաջ Երևանի Մուրացան 109 և Ռոստովյան 15 շենքերի բնակիչները առավոտյան արթնացան ու տեսան, որ բակի միակ խաղահրապարակից ոչինչ չի մնացել: Մեկ գիշերվա ընթացքում այսպես կոչված չարագործները հասցրել էին ոչնչացնել այն ու փոխարենը անհասկանալի պատճառով պատեր էին շարել: Երբեմնի խաղահրապարակի մի մասն այժմ ծառայում է որպես ավտոկայանատեղի, մյուս էլ` որպես առանձնատուն:
Նույն բակի բնակիչ, մասնագիտությամբ բուժքույր Ս. Ղազարյանը ցանկանում է բակի բարեփոխման հետ մեկտեղ վերափոխել նաև այստեղ բնակվողների մտածելակերպը: Մարդկանց մեջ սերմանել փոխադարձ հարգանք միմիանց հանդեպ: ‹‹Հիմա մեր պատճառով է, որ մեր երեխաները խաղալու տեղ չունեն: Դեռ երեք տարի առաջ բնակիչներից քչերը համաձայնեցին ստորագրության միջոցով իրենց բողոքը հայտնել, վախենալով նախկին ավագանու որդուց, որն էլ հանդիսանում էր կառուցվող շինության սեփականատերը››,-նշում է տիկին Ղազարյանը:
Բակում գրեթե միշտ վեճեր են լինում և դրանց հիմնական պատճառը երեխաներն են ու նրանց աղմկոտ ձայները: Խաղահրապարակ չունենալու պատճառով նրանք ստիպված խաղում են ավտոտնակների և տների ազատ մնացած տարացքներում: Բայց դա էլ երկար չի տևում. իրենց տներից դուրս են գալիս բնակիչներն ու երեխաներին արգելում խաղալ: Սա էլ կոնֆլիկտի առիթ է հանդիսանում տարբեր սերնդի ներկայացուցիչների միջև:
Բակի բնակիչ, ուսանողուհի Ա. Սարգսյանը ավելացրեց. ‹‹Մինչ երեխաներին մեղադրելն ու խեղաթյուրելու նրանց ազատությունը, լավ կլինի, որ բակի բնակիչները վերջապես համախմբվեն ու պայքարեն իրական չարագործների դեմ››:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Աննա Բադալյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|