Եկեղեցին և սրբապատկերը Սրբապատկերը և նրա կիրառությունը Եկեղեցում նույնքան հին է, որքան ինքը Եկեղեցին: Ս. Բարսեղ Կեսարացու (Դ դար) վկայությամբ Հիսուս Քրիստոսի, Աստվածամոր և սրբերի պատկերների գոյությունը Եկեղեցում ավանդական է և օրհնված առաքյալների կողմից: Ըստ Եկեղեցու սրբազան ավնդության` առաջին սրբապատկերներն են Հիսուսի Դաստառակը և Աստվածամոր պատկերը: Մեզ համար նշանակալից և խորհրդանշական է, որ այս երկու նվիրական պատկերները ժամանակին պատկանել են Հայ Եկեղեցուն: Սրբապատկերի հնությունը հաստատվում է նաև հնագիտական պեղումների արդյունքներով: Պոմպեի և Հերկուլանումի պեղումների ժամանակ հայտնաբերվել են սրբապատկերներ: Այդ քաղաքները կործանվել են 79 թվականին, և լույս աշխարհ եկած գտածոները ինքնին ամրագրում են այն փաստը, որ սրբապատկերները կենցաղավարել են Եկեղեցում դեռևս առաքելական ժամանակներից: Հետագայում Եկեղեցում սրբապատկերի անհրաժեշտությունը, որպես քրիստոնյայի ներքին աղոթական վիճակի և նրա բարոյական նկարագրի կատարելագործմանը նպաստող պայման, գիտակցել և հորդորել են առաքյալների գործի անմիջական շարունակողները` Ընդհանրական Եկեղեցու սուրբ հայրերը: Նրանք հատուկ վկայում են այն օգուտի մասին, որ տալիս են սրբապատկերները` խրատելով, հորդորելով, ուղղելով և լուսավորելով քրիստոնյային: Սրբապատկերը, ըստ Ս. Բարսեղ Կեսարացու, ունի այն հատկությունը, որ պատկերավոր կերպով օգնում է քարոզչին լրացնելու իր խոսքը` դարձնելով այն ավելի արտահայտիչ ու տպավորիչ: Ս. Հովհաննես Ոսկեբերանը (Դ դար) եզրակացնում է, որ այդ պատկերները քրիստոնյային հոգևոր մխիթարություն են պարգևում: Սրբապատկերներն առաջացնում են խանդաղատանքի արցունքներ: Օրինակ` Ս. Գրիգոր Նյուսացին (Դ դար) չէր կարողանում առանց արցունքների դիտել Իսահակի զոհաբերության պատկերը: Խիստ կարևոր է սրբապատկերի խրատական դերը. այն զգաստության, ապաշխարության կոչ է` ուղղված մեզ: Այս առումով հատկանշական են Ս.Գրիգոր Աստվածաբանի(Դ դար) նկատառումները սրբապատկերի խրատող և հորդորող նշանակության մասին: Սուրբ հայրերը նշում են նաև սրբապատկերի ուսուցանող հատկության մասին: Պատկերավոր լեզվով և տեսանելի կերպով նա մեզ է փոխանցում Սուրբ Գրքի պատգամներն ու պատմությունները:
Շարունակելի
Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|