Ցանկացած ազգասեր և եկեղեցասեր երիտասարդ պետք է ծառայի իր համայնքի բարօրության համար և լծակցի իր իսկ համայնքի եկեղեցու սրբազան առաքելությանը: Ահա այս սկզբունքից ելնելով է գործում Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միությունը, որի հոգևոր հովիվ` տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ նաև ԱՀԹ երիտասարդական հոգևոր խորհրդի հոգևոր հովիվն է` ԱՀԹ երիտմիությունների հոգևոր պատասխանատուն: Մեր իրականության մեջ սակայն առկա են մի շարք չհստակեցված պատկերացումներ, որոնք խոչընդոտում են մյուս երիտմիությունների աշխատանքներին, թույլ չտալով մի շարք կառույցների դառնալ գործունակ և օրինակելի: Խնդիրների դեմ պայքարելու, երիտմիությունների աշխատանքները ավելի համակարգված ու նպատակային դարձնելու համար հրավիրվեց հանդիպում, որին մասնակցեցին ԱՀԹ երիտմիությունների հոգևոր հայրերը և ատենապետեր:
«Երիտասարդաց միությունների առանցքը պետք է լինի այն, որ այն երիտասարդները, որոնք եկել են տվյալ եկեղեցի և կրթվել հոգևոր գիտելիքով` մնան և ծառայեն այդ եկեղեցում ու համայնքում` զորացնելով այն», - նշեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը իր ելույթում` վստահեցնելով, որ վաղուց է եկել այն ժամանակը, որ եկեղեցու կողքին կանգնած երիտասարդները եկեղեցում պետք է լինեն ոչ թե իրենց հաճույքի համար էքսկուրսիաներ, արշավներ, կամ ուխտագնացություններ կազմակերպելու գործերի մեջ, այլև ավելի լուրջ աշխատանքներում, ինչպիսիք են մանկատներ հաճախելու կանոնավոր ծրագրերը, կամ ծերերի և հիվանդների խնամքը. «Այդպիսի լուրջ ծրագրեր իրականացնելու համար` երիտմիությունները պետք է ունենան հստակ ձևավորված խմբեր` մշտական անդամներ` վստահ լինելով, որ մի լուրջ և պատասխանատու ծրագիր սկսելուց հետո կարող են այն իրականացնել և հասցնել ավարտին»:
Անդրադառնալով չձևավորված խմբեր ունեցող չկայացած երիտմիությունների խնդիրներին` տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ընդգծեց`, - «առանձնահատուկ մտահոգության առիթ է դարձել այն երևույթը, որը կարելի է անվանել շրջիկ հավատացյալների խնդիր», - մանրամասնելով, որ կան մի շարք հավատացյալներ, ովքեր ունեն որոշակի հոգևոր պահանջմունքներ, որոնք չկարողանալով բավարարել իրենց իսկ եկեղեցում, թողնում և գնում են մեկ այլ եկեղեցի` չմտածելով, որ հենց իրենք պետք է կանգնեն, շենացնեն և ուժեղացնեն իրենց եկեղեցին, իրենց իսկ համայնքը և երիտմիությունը:
Հոգևորականների այն հարցին, թե ինչու՞ չի ձևավորվում որոշակի հստակեցված կանոնակարգ, որով պարտավորված լինեն շարժվել երիտասարդական միությունները, տեր Հակոբը պատասխանեց, որ կանոնակարգերը երբեք չեն կարող օգնել այս ոլորտում, քանի որ երիտմիությունները չեն ստեղծվում զուտ պաշտոնական հարաբերությունների համար, այլ գալիս են ստեղծելու զուտ մարդկային և ընկերական մթնոլորտ, որտեղ եկեղեցասեր երիտասարդները պետք է ընկերություն անեն և լծակցեն եկեղեցու առաքելությանը:
Այն հարցին, թե Ինչու՞ երիտմիությունների ատենապետերին չի տրվում որոշակի աշխատավարձ կամ դրամական ինչ-որ աջակցություն` ԱՀԹ երիտմիությունների պատասխանատուն պատասխանեց, որ ամեն համայնք ինքն իր մեջ պետք է փորձի ամրանալ և կայանալ, որի մեջ հենց նույն համայնքի ունևոր անդամները պետք է կարողանան կիսել իրենց միջոցները աղքատների հետ` ստեղծելով ընկերական մթնոլորտ. «Կա մեկը, որ տաս զույգ կոշիկ ունի, և կա մեկը, որ մեկն ունի, այն էլ ծակ: Նշանակում է` տասը զույգ ունեցողը պետք է կարողանա բաժին հանել չունեցողի համար»: «Այստեղ ոչ բյուջե է պետք, ոչ էլ, առավել ևս պետք է համայնքի հոգևորականին կամ թեմի առաջնորդին մեղադրել», - նշեց տեր Հակոբը` վստահեցնելով որ մտերմիկ և ակտիվ ներհամայնքային կյանք ստեղծելու դեպքում` նման խնդիրները իսպառ կվերանան:
Հայկ Կիսեբլյան
|