Օգտվում էր համակարգչից, որտեղ դիտում էր «սատանայական» տեսահոլովակներ
«Զվարթ, անուշիկ, շնորհալի, աշխատասեր ու խելացի աղջնակ էր: Մասնակցում էր դպրոցի գրեթե բոլոր միջոցառումներին, բացակայություններ համարյա չի ունեցել, դասից փախչելու մասին խոսք լինել չէր կարող: Ոչ մի բացասական կողմ չուներ Էլենն, որով կտարբերվեր մյուս աշակերտներից: Մահվան լուրն իմանալու պահից մինչեւ հիմա մեր կոլեկտիվը շոկի մեջ է ամեն առավոտ այդ դասարան մտնող ուսուցիչների հետ զրուցում ենք ու ամեն ինչ անում, որպեսզի դրսում շրջանառվող լուրերը դպրոց չմտնեն, ու երեխաները զերծ մնան բամբասանքներից: Էլենը երբևէ որեւէ կերպ չի տարբերվել մյուս երեխաներից, մեկուսացած չի եղել ու տարօրինակ վարքագիծ չի դրսեւորել», - մեզ հետ զրույցում ասաց թիվ 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը, որտեղ սովորում էր 13-ամյա Էլեն Սարգսյանը, ով նոյեմբերի 23-ին ընկել էր 11-րդ հարկի պատուհանից ու մահացել:
Էլենի մասին խոսելիս դպրոցի տնօրենն ընդգծեց. - Մեր կոլեկտիվը միշտ հպարտացել է այդ երեխայով: Էլենին ճանաչողներից շատերը ընդգծված ունակություններով օժտված այս աղջնակի ծնողներին երանի են տվել եւ միշտ մեծագույն հարգանքով ու ակնածանքով վերաբերվել այս ընտանիքին: Իսկ դպրոցի փոխտնօրեն տիկին Դանիելյանը այսպես նկարագրեց իրենց դպրոցի սանին. - Էլենը այնքան գեղեցիկ էր ու խնամված էր, որ ամեն անգամ տեսնելիս մտածում էի ինչ հրաշք է այս աղջնակը, երանի ծնողներին, որ նման զավակ ունեն: Ուրախ, զվարթ, դաստիարակված այս աղջնակը դպրոցում բոլորի սիրելին էր: Այդ օրն էլ, սովորականի պես, դպրոցում էր, յոթ ժամ դաս է ունեցել, հետո տուն գնացել, իսկ ավելի ուշ իմացել ենք տեղի ունեցածը, ինչը մեզ համար նույնպես անակնկալ էր, երբեք չէինք սպասում, որ մեր Էլենի հետ նման բան կարող է պատահել: Շատ պարզ ու համեստ աղջնակ էր: Շքեղ վարսեր ուներ ու սիրում էր դրանք փռել ուսերին եւ տխրում էր, երբ ուսուցիչները զգուշացնում էին մազերը կապել: Այդ օրն էլ, երբ առավոտյան դպրոց եկավ, մազերը արձակած էին, ասացի` «Էլեն ջան, այսօր շատ սիրուն ես», Էլենն էլ ժպտաց ու գնաց: Հետո ֆիզկուլտուրայի ժամին տեսա վազում էին, ուսուցիչն ասել էր «Էլեն ջան, մազերդ չեն խանգարում, ուզում ես` կապի», ինչին ի պատասխան Էլենը ժպտալով ասել էր. «Չէ, էսպես լավ է, ընկեր Դանիելյան»:
Փոխտնօրենի խոսքով Էլենի թաղման արարողությունը տեղի է ունեցել նրանց կիսակառույց սեփական տնից, որը վերանորոգման մեջ է եւ որտեղ պետք է տեղափոխվեին մոտ ժամանակներս: «Մայրը անվերջ կրկնում էր ՙինչի համար, այս ինչ եղավ, պետք է այս առիթով մեր տուն գայիք», - պատմում է տիկին Դանիելյանը: Դպրոցի ղեկավարությունը շփոթված է Էլենի նստարանին մոմեր կամ ծաղիկներ դնելու մասին երկար են մտածել, սակայն ի վերջո որոշել են. «Երկար մտածեցինք ու հասկացանք, որ աշակերտների սթրեսը դրանից ավելի կխորանա, ինչը մենք չէինք ցանկանա: Անկախ ամեն ինչից միշտ էլ հիշելու ենք այս երեխային, ում անչափ սիրել ենք ու երբեք չենք մոռանա, նա կիսով չափ նաեւ, իմ երեխան է չէ որ նրա օրվա մի մասն անցել է այս օջախում», - հավելեց տնօրենը:
Ըստ շրջանառվող լուրերի աղջկա մայրը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը օգտվում էր համակարգչից, որտեղից նա ավելի շատ դիտում էր ՙսատանայական՚ տեսահոլովակներ: Մայրը անընդհատ նախատել է աղջկան, որպեսզի նա նման տիպի տեսահոլովակներ, ֆիլմեր ու մուլտեր չնայի: Նույն բանը մեզ ասացին նաեւ բակի երեխաները, ըստ որոնց, վերջին շրջանում Էլենը հաճախակի էր իր հասակակիցներին հրավիրում, ինչպես վերջիններս են նշում. ՙուժաս ֆիլմեր նայելու»:
Նշենք նաեւ, որ երեխան ընկել է, ոչ թե իրենց, այլ տատիկին պատկանող բնակարանից` Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի 11 հարկից: 13-ամյա Էլենի մահվան հետ կապված, թե հանրության եւ թե Ոստիկանության շրջանում շրջանառվում են երկու հիմնական վարկած`դժբախտ պատահար եւ ինքնասպանություն` սատանայական ազդեցությամբ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ, դեպքի նույն օրը` նոյեմբերի 23-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հակելը) հատկանիշներով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ Իրավունք Թերթ Չորեքշաբթի, 28 Նոյեմբեր 2012 iravunk.com
|