Այց Ղաբուզյանների ընտանիքին
Ստեփանավան քաղաքում Հանրապետության ղեկավարն այցելել է պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի ընտանիքին:
2009թ. մայիսին իբրև ժամկետային զինծառայող զորակոչված Արտակ Ղաբուզյանը (ծնվ. 08.05.1991թ.) ծառայության ընթացքում ցուցաբերել է արիություն և անձնական խիզախություն՝ մահացու վիրավորելով զորամասի մարտական դիրք ներխուժած հակառակորդին, որի համար 15.09.2010թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության», իսկ 30.08.2010թ.՝ ԼՂՀ Նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալներով: Զինծառայությունն ավարտելուց հետո Արտակ Ղաբուզյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ստեփանավանի զորամասի ռեգլամենտային մարտկոցի մարտական մասի հավաքման և ռեգլամենտային աշխատանքների հաշվարկի մեխանիկ: Արտակ Ղաբուզյանը, միաժամանակ, սովորում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում (հեռակա):
Այցելելով Ղաբուզյանների ընտանիքին՝ Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել Արտակի ծնողներին՝ նման օրինակելի զավակ մեծացնելու համար՝ ընդգծելով, որ պետության սահմաններն ամուր պահելու և Հայրենիքը պաշտպանելու առումով Արտակի կատարած գործն անչափ կարևոր է: Արտակի և նրա ընտանիքի անդամների հետ Սերժ Սարգսյանը զրուցել է նաև ընտանիքի առօրյա խնդիրների ու հոգսերի մասին, նշել, որ պատկան մարմիններին հանձնարարել է շատ կարճ ժամկետում լուծել նոր բնակարան հատկացնելու խնդիրը:
Նյութը` slaq.am-ից 05.11.11 18:43
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|