ՊՆ փոխնախարարի հետ հանդիպումից հետո տպավորությունն դրական է…
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում հանդիպում էր նախաձեռնել ֆեյսբուքյան «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ, որոնք վերջին շրջանում, բացի վիրտուալ քննարկումներից, ակտիվ գործունեություն են ծավալում նաեւ սոցիալական ցանցից դուրս: Նախաձեռնության անդամները, քննարկելով պաշտպանության փոխնախարարի՝ հանդիպելու առաջարկը, համաձայնել էին մասնակցել դրան եւ բարձրացնել բանակին վերաբերող ոչ միայն նախաձեռնությանը, այլեւ հասարակությանը հուզող հարցեր:
Հանդիպումը նախատեսված 1,5 ժամի փոխարեն՝ շուրջ 3 ժամ էր տեւել: Ավարտից հետո «Բանակն իրականում» խմբի անդամները ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ: Ըստ լրատվական գործակալությունների փոխանցած տեղեկությունների, հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն հինգշաբթի օրը ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձերբակալությանն ու պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի արած հայտարարություններին, այլեւ բանակում սպանությունների, ոչ կանոնադրային հարաբերությունների եւ դրանց արդյունքում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ ոչ պատշաճ նախաքննության, պատասխանատուների բացահայտմանն ու մեղավորներին պատժելուն առնչվող հարցեր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մատուցմամբ, մասնավորապես՝ Վարդգես Գասպարիի ձերբակալության վերաբերյալ խմբի անդամների բարձրացրած հարցերին եւ դիտարկումներին, թե դա դիտարկվում է որպես պետության վերաբերմունք բանակի խնդիրների առնչությամբ հանդես եկող քաղաքացիական շարժման նկատմամբ, փոխնախարարն ասել է, թե կուսումնասիրի հարցը, բայց ոչինչ այդ առնչությամբ չի խոստացել: Ինչ վերաբերում է Վովա Գասպարյանի հայտարարություններին, ապա նախաձեռնության ներկայացուցիչները պահանջել են, որ նախարարությունը դրանց պաշտոնական գնահատական տա: Փոխնախարար Տոնոյանը, Սաքունցի փոխանցմամբ, ասել է, թե նախարար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան վերադառնալուց հետո ՊՆ-ն իր դիրքորոշումը հաղորդագրության տեսքով որոշակիորեն կհայտնի: Ի դեպ, Սաքունցի ասելով, փոխնախարարն ինքը հայտարարել է, թե ողջունում է քաղաքացիական նախաձեռնությունները, իսկ դրամաշնորհներն անհրաժեշտ են դրանց արդյունքում փորձագիտական վերլուծություններ կատարելու համար, որոնք օգնում են նաեւ ՊՆ-ին՝ բանակում իրականացվող բարեփոխումների համատեքստում: «Տպավորությունն այնպիսին էր, որ նա չէր ողջունում նմանատիպ սեւ PR-ները»,- հավելել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հարցերի մյուս շրջանակը, որը քննարկվել է հանդիպման ընթացքում, վերաբերել է նախաձեռնության բուն գործունեությանն ու հետապնդած նպատակներին՝ բանակում ողբերգական միջադեպերին: «Մենք ակնկալում ենք արդյունավետ քայլեր: Պարոն Տոնոյանն ասաց, որ կան քայլեր, որոնք իրականացվելու են, եւ պետք է սպասել դրանց»,- տեղեկացրել է Սաքունցը:
Վերջինս հայտարարել է, թե բանակում սպանությունների հետ կապված նախաքննության ոչ պատշաճ իրականացումը, եթե դա չի բերում պատասխանատուների բացահայտմանն ու մեղավորներին պատժի ենթարկելուն՝ պատասխանատվության ենթարկելուն, կարող է հանգեցնել բանակի նկատմամբ անվստահության շարունակական լինելուն եւ խորացմանը: Նախաձեռնության պահանջներից մեկն էլ եղել է տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքի ապահովումը: Խոսքը մասնավորապես «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի՝ հոկտեմբերի 11-ին պաշտպանության նախարարին ուղղված դիմումի մասին էր, որով խումբը խնդրել էր տրամադրել տեղեկություններ 1994թ.-ից մինչ օրս բանակում մահացած անձանց ցանկը, նաեւ պաշտոնատար անձանց զավակների ծառայել-չծառայելու վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցած Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն այս առնչությամբ հայտնել է, թե այս վերջինի հետ կապված փոխնախարար Տոնոյանն ասել է, թե ՊՆ-ում աշխատանք է տարվում տեղեկությունների բազային որակի փոփոխման ուղղությամբ, եւ գաղտնիների շեմը ամենայն հավանականությամբ կիջեցվի: Ասել է թե՝ մի խումբ տեղեկություններ, որոնք նախկինում գաղտնի են համարվել, կարող են բաց լինել: «Բավականին նորմալ քննարկում էր, գրեթե բոլոր հարցերին անդրադարձ եղավ։ Բայց թե դա գործնականում ինչպես կլինի՝ կտեսնենք առաջիկայում»,- հայտարարել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։ Հանդիպումից իր տպավորության մասին խոսել է նաեւ Սաքունցը՝ հայտարարելով, թե «բարձրացված երեք խումբ խնդիրների վերաբերյալ պատասխանները, գործողությունները հիմք կտան կարծիք կազմելու՝ բանակում իրավիճակը փոխելու ցանկություն իրապես կա՞»: Նա նաեւ հույս է հայտնել, թե այդ հարցերի լուծումը կարող է բերել իրավիճակի փոփոխության, եւ որ իրենք երկխոսության հնարավորություն տեսնում են: «Հնարավորությունը կարող է իրականություն դառնալ կոնկրետ գործողությունների արդյունքում»,- ասել է իրավապաշտպանը:
Նյութը` Aravot.am -ից 2011-10-22 ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|