«ԱՐԱՐԱՏ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԱՐԱՏ» ՍՊՈՐՏԱՅՒՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ
Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» միության նպատակն է` զորացնել աստվածպաշտությունը, զորանալ աստվածպուշտության մեջ և լծակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանը: «Արարատ» միությունը իր առաքելությունը իրականացնելու ընթացքին ուխտագնացություններ և բազմաբնույթ միջոցառումներ է կազմակերպոմ` հանդիպում է տարբեր հասարակական, քաղաքական գործիչների հետ: Տեղյակ լինելով Վահագն և Հասմիկ Հովնանյանների մեծ կյանքի փորձի և ավանդապաշտ ընտանիքի մասին «Արարատ» միության անդամները Հովնանյան ընտանիքի հետ ավելի մոտիկից ծանոթանալու ցանկություն ունեին, որը իրականություն դարձավ` պարոն Վահագն Հովնանյանի հրավերի շնորհիվ: Հունիսի 9-ին «Արարատ» միության մի խումբ երիտասարդներ, Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ, այցելեցին Վահագնի թաղամաս` «Արարատ» սպորտային ակումբ` որտեղ նրանց սպասում էին Վահագն և Հասմիկ Հովնանյանները: Պարոն Վահագն Հովնանյանը «Արարատ» միության երիտասարդներին պատմեց ամերիկյան սպորտաձևերի` մասնավորապես գոլֆի մասին: Ակումբի սրճարանում` սեղանի շուրջ հավաքված երիտասարդները իրենց հետաքրքրող հարցերը հղեցին տեր և տիկին Հովնանյաններին: «Արարատ» միության անդամները պարոն Վահագն Հովնանյանին ուղղված հարցերի միջոցով փորձեցին բացահայտել նրա աշխատանքային և ընտանեկան հաջողությունների գաղտնիքները: Պարոն Վահագն Հովնանյանը «Արարատ» միության երիտասարդներին պատմեց, թե ինչպես է նա առաջին անգամ հանդիպել իր կնոջը և թե ինչպես է 1967-ին իր տիկնոջ հետ առաջին անգամ եկել Հայաստան… Տիկին Հասմիկ Հովնանյանը իր խոսքը ուղղեց տղաներին` «Եթե ուզում եք երջանկանալ և ձեր ընտանիքը երջանկացնել` պետք է շփվեք հայ ընտանիքների, հայ աղջիկների ետ: Օտար աղջիկների կապույտ աչքերի և շեկ մազերի ետևից մի վազեք, Հայ աղջիկների հարգը իմացեք և հայերի հետ ամուսնացեք որպեսզի հայ ընտանիք կազմեք…»: «Արարատ» միության համանուն երգչախմբի անդամները ներկաների համար երգեցին: Հանդիպման ավարտին բոլոր ներկաները միասին լուսանկարվեցին:
Հայկ Կիսեբլյան
|