Անասունները ենթարկվել են հարկադիր սպանդի
Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչներին պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդություն. Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտսության նախարարությունը: Հիվանդության գրանցման առաջին դեպքից առ այսօր 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ ենթարկվել են հարկադիր սպանդի: Հիվանդության դեպքի գրանցման անմիջապես հաջորդ օրը, համայնքի անասնաբույժի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հիվանդներին ներարկել են իմուն շիճուկ, իսկ պայմանական առողջները ենթարկվել են հակապաստերելյոզային պատվաստման, նաև իրականացվել է տարածքի ախտահանում:
Այդ միջոցառումներից հետո մինչ այժմ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել: Նշենք, որ պաստերելյոզը գյուղատնտեսական, վայրի կենդանիների եւ թռչունների վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ առավել հաճախ ախտահարվում են թոքերը: Հիվանդության առաջին ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մինչև 40 աստիճան և ավելի, ընդհանուր թուլություն, ծանր շնչառություն, հաճախակիացած զարկերակ, մկանային դող, ախորժակի լիառժեք բացակայություն: Հիվանդ կենդանիներին անհրաժեշտ է մեկուսացնել, բուժել, իսկ նրանց գտնվելու վայրը՝ ախտահանել: Պաստերելյոզ հիվանդության նկատմամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է խիստ հսկողություն:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում
|