ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Օգոստոսի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի երիտասարդական հոգեւոր խորհրդի հոգեւոր հովիվ է նշանակվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» մայր միության հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց հոգեւոր խորհուրդը մի մարմին է, որը համակարգում է թեմական կառույցից ներս գտնվող երիտասարդաց միությունների գործունեությունը: Արարատյան Հայրապետական թեմի առաջին երիտասարդաց միությունը (այսօրվա «Արարատ») ստեղծվել է 1989 թվականին ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի տնօրինությամբ (ներկայիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ):
Երիտասարդաց միությունների նպատակն է երիտասարդների շրջանում հոգեւոր, ազգային կրթության իրականացումը եւ եկեղեցու առաքելությանը մասնակից դարձնելը: Այս նպատակով թեմի երիտասարդաց միություններում կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, այցելություններ, ուխտագնացություններ, ընդհանրական աղոթքներ, խոկման արարողություններ, ինչպես նաեւ գործում են համակարգչային, լրագրողական, անգլերենի, երգի ու պարի եւ այլ խմբակներ: Իրականացվում են բարեսիրական եւ քարոզչական տարբեր ծրագրեր։ Արարատյան Հայրապետական թեմի (ԱՀԹ) թեմական երիտասարդական խորհուրդը առաջնորդվում է հոգեւոր ուղենիշ ունենալով Սուրբ գրային հետեւյալ խոսքերը. «Հիշիր քո արարչին քո երիտասարդության օրերին» (Ժող. 12:1)։
Հ.Գ. Ես էլ` Իմ կայքի լրագրողների փոքրիկ խմբի անունից և «Արարատ» միության երիտասարդների անունից եմ շնորհավորում Տ. Հակոբին, և թեմի մյուս երիտասարդական միություններին: Ես հուսով եմ, որ այսպիսով մեր կապը ավելի կսերտանա: Տ. Հակոբն էլ, ոչ թե պիտի առանձնանա «Արարատ»-ից այլ ավելի պիտի շատ համագործակցենք: Կարծում եմ, որ «Արարատ» միության մյուս անդամների համար էլ ավելի մեծ շանսեր կընձեռնվեն` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաքելությանը լծակցելու համար և հասարակական կյանքում աշխատանքներ անելու համար:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|