ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
Արարատյան Հայրապետական թեմի (ԱՀԹ) "Արարատ” միությունը, թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և հոգևոր առաջնորդ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ` իր գործունեության շրջանակներում իրականացնում է նաև մի շարք կրթադաստիրակչական ծրագրեր: Լրագրության, երգի, սրբանկարչության, համակարգչային և այլ դասընթացների ընթացքում սաները ստանում են նաև հոգևոր գիտելիքներ:
Միության նպատակն է` հայորդուն մոտեցնել Հայ Առաքելական Ս. Եկեղեցուն, զորացնել աստվածպաշտությունը նրա մեջ, բաժնեկից և մասնակից դարձնել առաքելահաստատ մեր Ս. Եկեղեցու առաքելությանը:
"Արարատ” միությունը իր առաքելությունը իրականացնելու ընթացքին` բազում նոր անդամներ և աջակիցներ է ձեռք բերել` որոնցից ոմանք դեռ մկրտված չէին: Օրերս "Արարատ” միությունը միասնաբար ի կատար ածեց նոր անդամներից 19-ի մկրտության արարողությունը:
Փետրվարի 27–ին "Արարատ” միության հին և նոր անդամները միասնաբար այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում` միության հոգևոր հովվի ձեռամբ կատարվեց 19 անձերի մկրտությունը: Նրանց հոգևոր դաստիարակի` կնքահոր պարտավորությունը ստանձնեցին "Արարատ” միության դպրաց, սարկավագաց դասից և աջակից-բարերարներից ընտրված մի քանի անդամներ, ովքեր իրենց հավատքով, եկեղեցասիրությամբ օրինակ կծառայեն նոր-նոր եկեղեցի ոտք դրած երիտասարդների համար:
Մկրտության արարողությունից հետո` ուխտավորները այցելեցին վեհարան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց "Արարատ” միության ուխտավորներին:
Ողջունելով ուխտավորների այցը Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները և օրհնությունը բերեց նորոգ մկրտյալներին և կնքահայրերին` հաջողություններ մաղթելով "Արարատ” միության ձեռնարկներին: Նորին Սրբությունը նաև հուշանվերներ հանձնեց մկրտված անձանց, նրանց կնքահայրերին և "Արարատ” միության համանուն երգչախմբին:
Միության հոգևոր առաջնորդը իր խոսքում իր երախտագիտությունը փոխանցեց Վեհափառ Հայրապետին` վստահեցնելով, որ դեռ 1988թ–ին` ներկայիս Հայրապետի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փախանորդ լինելու տարիներին, նրա իսկ ձեռամբ հիմնադրված "Արարատ” միությունը հավատարիմ է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և մասնակից նրա առաքելությանը:
Հանդիպման ընթացքում փոքրիկ համերգային ծրագրով հանդես եկավ "Արարատ” միության համանուն երգչախումբը, Նորին Սրբությունը պատասխանեց ուխտավորներին հուզող հարցերին: Հանդիպման ավարտին բոլոր ներկաները լուսանկարվեցին Վեհափառ Հոր հետ:
Ուխտավորները հավաքական աղոթք կատարեցին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, որից հետո ուղևորվեցին ընդհանրական ճաշի:
"Արարատ”-ի հաջորդ կանգառը Վաղարշապատ քաղաքի "Վան” համալիրն էր` այնտեղ էլ շարունակեցին մկրտության առթիվ սկսված տոնակատարությունը, որի մասնակիցներին մատուցվեց նաև Մատաղի Ս. ճաշ:
Հայկ Կիսեբլյան
|