Գրգռված, հուզական վիճակում գտնվող մարդու մոտ նկատվում է անհասկանալի խոսակցական, հաճախ տարօրինակ հնչյունների արտաբերում: Շատերն այսպիսի երևույթին ականատես են լինում սարսափ ֆիլմերում` առանց պատկերացնելու, որ այն կարելի է հանդիպել նաև իրականում, և որ այդ երևույթը կոչվում է լեզվախոսություն (глосолалия):
Հիշենք պատմությունը` հասկանանք ներկան
Իսկ որտեղի՞ց է սերում լեզվախոսությունը և ի՞նչ խնդիրներ ու հետևանքներ կարող է ունենալ:
Լեզվախոսությունը բնորոշ է եղել հին հեթանոս ազգերին, ոչ քրիստոնեական օկուլտ կրոններին, որոնց ծիսական ավանդույթը անդամներին մղում է հուզավառության վիճակի` նվազեցնելով բանականությամբ դատելու հնարավորությունները, որպեսզի անհատը դառնա անկառավարելի: Ըստ որոշ հեթանոսական ազգերի և աղանդավորական ուղղությունների, այդ դեպքում է միայն հնարավոր, որ Աստված իր նշանը դնի այդ անձի վրա: Լեզվախոսության ծեսը կիրառում են նաև հոգեպաշտները, որտեղ ամենահուզական անհատը, պաշտամունքային արարողությունների ժամանակ ընկնելով մտահափշտակության (էքստազ) մեջ, սկսում է անսովոր արտաբերություններ անել: Այդ նույն ձևով էին Աստծո կամքը հայտնում մարդկությանը երկրորդ դարի մոնտանական աղանդի հիմնադիր` իրեն մարգարե հռչակած Մոնտանոսը և նրա համախոհներ Մաքսիմիլլա և Պրիսկիլլա «մարգարեուհիները»: Եկեղեցու պատմությունը մոնտանականությունից հետո այլևս նմանատիպ աղանդի չի հիշում մինչև տասնյոթերորդ դարը, որից հետո առ այսօր մոնտանական աղանդի նման մի շարք աղանդներ են հանդես եկել Շոտլանդիայում, Անգլիայում:
Տասնիններորդ դարի վերջին ամերիկյան մայրցամաքում հոգեգալստական կամ պենտեկոստեական աղանդը, ընդլայնելով իր գաղափարական հիմնադրույթները, առաջ բերեց մի նոր ճյուղավորում՝ խարիզմատիկ շարժումը: Սրա հետևորդներն իրենց հերթին բաժանվեցին տարատեսակ աղանդների: Նմանատիպ աղանդներում անսովոր լեզվախոսությամբ առաջինը սկսել են խոսել կանայք, քանի որ իգական սեռը կենսաբանական տեսակետից ավելի զգայուն է, էկզալտիկ, քան արական սեռը:
holytrinity.am Կարինե Սուգիկյան
Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ