Գագիկ Շամշյանը՝ ուխտավոր Երուսաղեմում
«Արարատ» հոգևոր միության հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը այս օրերին ուխտայց է կազմակերպել Սուրբ երկիր՝ Երուսաղեմ:
Ինչպես Երուսաղեմից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նույնպես ուխտավորների խմբում է, ուխտագնացությունը երկրորդ օրվա ճանապարհին է: Հայաստանի մոտ 70 ուխտավորներին Երուսաղեմում միացել են Սանկտ Պետերբուրգի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Չուփուրյանը 19 և Ռիգայի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը 10 ուխտավորների հետ:
Ուխտավորներն այսօր այցելեցին Սրբոց Հակոբյանց մայրավանք, Սիոն լեռան սրբավայրեր, Վերնատուն, Դավիթ Մարգարեի գերեզման, Ս. Աստվածածնի ննջման եկեղեցի և Ս. Պետրոս առաքյալի զղջման եկեղեցի:
Հընթացս այսօրվա ուխտավորները առիթ ունեցան ոչ միայն ծանոթանալու սուրբ վայրերի պատմությանը, այլև հաղորդ դառնալու հոգևոր բովանդակությանը: Ամեն սրբավայրում հոգևորականների հետ ուխտյալ հայորդիները միասին աղոթեցին:
Աղոթքներին միացան «Արարատ» երգչախմբի երիտասարդուհիները: «Հայր Մեր», «Սուրբ Սուրբ», «Էջմիածին», «Տէր եթե զշրթունս իմ բանաս», «Խնկի ծառի նման ես», «Երանելի Ս. Կույս Մարիամ» հոգևոր մեղեդիները Տերունական վայրերում երգչախմբի անդամների միջոցով իրապես դարձան աղոթք՝ բազում հույզերի, մտորումների, հոգևոր զգացումների, կյանքի նկատմամբ վերագնահատումների առիթ հանդիսանալով:
Թող ամուր մնա հայրենի մեր հողը, հոգևոր արժեքներով շաղախվի, և իր հայորդիները թող որ իրապես առիթ ունենան ներկա լինելու հոգևոր մեր հայրենիքում ՝ Երուսաղեմում: Առավել ամրանալով իրենց ազգային հայրենասիրական, հոգևոր պարտավորությունների ճանապարհին:
2012-05-14 20:55 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի նյութը` news.armeniatv.com-ից
|